Ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խոցել է այն հրթիռը, որը թռչում էր մահմեդականների ուխտագնացության գլխավոր կենտրոնի՝ Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ: Հուլիսի 28-ին այս մասին հաղորդել է AFP-ն: Գործակալության տեղեկություններով՝ հրթիռն արձակվել է Եմենի տարածքից եւ խոցվել է քաղաքից 69 կիլոմետր դեպի հարավ: Կոալիցիան սույն գրոհը որակել է «հաջի (Իսլամի հինգ սյուներից մեկը, որը Մեքքայում մահմեդական սրբավայրեր այցելությունն է, այս տարի սկսվում է օգոստոսի 30-ին – ծանոթ. խմբ.) անցկացմանը խանգարելու՝ հուսիթների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ – ծանոթ. խմբ.) հուսահատ փորձ»:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիթ-խռովարարների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է թեւակխել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականի գարնանից ի վեր երկրում սպանվել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետները վերջին զեկույցում առաջարկել են ստեղծել հատուկ հանձնախումբ՝ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության համար, որոնք կատարվել են հակամարտության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը՝ AP