ՍԱՊԾ-ն աշխատանքներ  է իրականացնում հանրային սննդի օբյեկտներում խախտումների քանակը նվազեցնելու ուղղությամբ:

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

«Հանրային սննդի կետերը գտնվում են մեր վերահսկողության ներքո, սակայն որոշակի համակարգային խնդիրների հետ գործ ունենք, մասնավորապես՝  այն, որ նրանց գործունեության մասին համապատասխան թույլտվություն տալու ընթացակարգ կա,  որը մասամբ մեր վերահսկողության տակ չի գտնվում, եւ նախօրոք նրանց տրամադրվում են այդ վայրում  առևտրային գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություններ: Մեր կողմից իրականացվում է  վերահսկողություն, համաձայն որի՝ մենք կարող ենք նրանց գործունեությունը կասեցնել եւ ժամանակ տալ շտկումներ իրականացնելու համար: Գիտենք, որ  դրանց քանակը  բավականին մեծ է, եւ եթե ասենք, որ աշխատանք չենք իրականացնում, սխալ կլինի, կամ եթե ասենք՝ այնքան է գործողությունների քանակը, որ ամեն քայլափոխի կարող ենք տեսանելի արդյունքի հասնել, այդպես չէ,  բայց մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում՝ պայմանավորված խախտման համատարած բնույթից, դրանց քանակից»,-ասաց նա:

Վահե Դանիելյանի դիտարկմամբ՝  տարբեր ոլորտներում տարված աշխատանքները սպառողների համար տեսանելի չեն առաջին  հայացքից, քանի որ հիմնականում արտադրություններում տարվում են աշխատանքներ՝ կապված  փաստաթղթավորման, որակի կառավարման համակարգերի ներդրման հետ:

«Տեսանելի արդյունքներից օրինակ կարող ենք առանձնացնել խանութների վրա կախված մակնշումները՝ ուղեկցող փաստաթղթերի հետ»,-ներկայացրեց ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ինչպես մսամթերք, այդպես էլ հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցներին սեպտեմբերի 1-ից տրամադրվելու են սանիտարական անձնագրեր: