Սննդի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում մինչև 2017 թվականը գրանցված 6 սպանդանոցի թիվը հասել է 15-ի: Լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ անասնաբուժության ոլորտում պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսավարողների մոտ, հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են թերությունները վերացնելու մասին հանձնարարականներ՝ մսի իրացման 43 վայրերում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպություններում, 5 ֆերմայում եւ 5 սպանդանոցում:

«Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակն ապահովելու  նպատակով իրականացվել է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների ՝ ավելի քան 3.5 մլն անասնահամաճարակային միջոցառում, հանդիպումներ ենք ունեցել սպանդանոցների ներկայացուցիչների հետ: Հիմք ընդունելով կառավարության ծրագրով եւ արձանագրային որոշմամբ սահմանված ՝ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման պարտադիր նորմը՝ ստուգում է իրականացվել  պետական գնումների գործընթացով կնքված պայմանագրերին համաձայն մատակարարումներ իրականացնող 6 տնտեսվարող սուբյեկտների  մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակներ են սկսել ձեռք ներել սպանդանոցից»,-ասաց Հովհաննես Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ  ՍԱՊԾ-ն  այս փոփոխության մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների: