Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմում է 9 հազար 723 դեպք:

Տեղեկացնում ենք վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 107-ով ավելի է, սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են: Եթե 2016 թվականի հունվար-հուլիսին ծանր հանծագործությունների թիվը կազմել է 1613, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում կազմում է 1210 կամ նվազում 403 դեպքով: Ինչ վերաբերում է առանձնապես ծանր հանցագործություններին, ապա նախորդ տարվա հունվար-հուլիսին գրանցվել է 116 դեպք, այս տարի նույն ժամանակահատվածում այն կազմում է 91, կամ 20 դեպք քիչ է գրանցվել:

Ամենից շատ հանցագործություններ են գրանցվել Երևանում` 4781 դեպք, Կոտայքում` 788 դեպք, այնուհետև Լոռիում` 726 և Արմավիրում` 645: Ամենից քիչ դեպքեր են արձանագրվել Վայոց ձորում` 141, Սյունիքում` 290 և Գեղարքունիքում` 320: Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանը առանձին է հաշվառվում, և այնտեղ գրանցվել է ընդհանուր առմամբ 52 դեպք:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների շարքում առաջատարը նույնպես Երևանն է ` համապատասխանաբար 659 և 49, սակայն մարզերում պատկերը փոխվում է: Ծանր հանցագործություններով աչքի ընկած մարզերն են Կոտայքի մարզը` 112 դեպք, Շիրակի մարզը` 84 դեպք և Արմավիրի մարզը` 82 դեպք: Ամենից քիչ ծանր հանցագործություններ են գրանցվել  Վայոց Ձորում` 9 դեպք, Տավուշում`31 դեպք և Գեղարքունիքում` 32 դեպք:

Երևանում առանձնապես ծանր հանցագործության դեպքերի թիվը կազմում է 49:
Եթե վերոնշյալ տվյալներով Գեղարքունիքի և Սյունիքի մարզերն ընդգրկվում էին ամենից քիչ դեպքերով աչքի ընկած մարզերի ցուցակում, ապա առանձնապես ծանր հանցագործությունների շարքում նրանք առաջատարներ են` 7-ական դեպք: Վայոց ձորում առանձնապես ծանր հանցագործություն ընդհանրապես չի արձանագրվել, իսկ Տավուշի մարզում՝ ընդամենը մեկ դեպք: