Կեղծ ատեստատ տրամադրելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանն ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: «Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ: Ատեստատի իրական լինելու հանգամանքը ստուգելու նպատակով դեսպանության կողմից հարցում է ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններին, որի արդյունքում պարզվել է, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր կեղծ ատեստատի ձեռք բերման աղբյուրը, եղանակը. նախնական տվյալներով՝ բնակիչները կեղծ ատեստատը ձեռք են բերել Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը որոշում էր կայացրել՝ Ս.Սահակյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: