ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին, որտեղ խոսել է երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին: Խոսելով այն մասին, թե ինչ դերակատարություն ունեն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման և ընդլայնման հարցում հայ-իրանական հարաբերությունները, Սերժ Սարգսյանը նշել է, որ անկայուն տարածաշրջանում մեր երկու երկրները ոչ թե խաղաղության սպառողներ են, այլ խաղաղություն կերտողներ: Եթե հիշում եք, նման մի հայտարարություն էլ բոլորովին վերջերս արել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ ԱՄՆ դեսպան Միլսի հետ հանդիպմանը հայտարարեց՝ Հայաստանը անվտանգություն արտահանող երկիր է: Հայաստանի խաղաղարար իմիջի ձևավորումը կարծես թե օրակարգային է դարձել Հայաստանի իշխանությունների համար: Անշուշտ, այդ կերպարը միջազգային հանրության աչքին ավելի վառ կզարնվի մեր արևելյան հարևանի հետ համեմատության ֆոնին: Թերևս հենց դրան են ձգտում Հայաստանի իշխանությունները` յուրաքանչյուր հարթակ օգտագործելով խաղաղություն կերտողի կերպարն ամրապնդելու համար:

Խոսելով տարածաշրջանում  ծայրահեղականության և ահաբեկչության մասին, Սերժ Սարգսյանը շեշտել է՝ մեր տարածաշրջանում կան որոշ երկրներ, որոնք տուրք տալով այսրոպեական ինչ-որ կասկածելի շահերի, համագործակցության են գնում ահաբեկիչների հետ, նրանց ապաստան տրամադրում, ցուցաբերում բազմապիսի աջակցություն: Ակնհայտ է, թե որ երկրի մասին է ակնարկում նախագահը: Ակնարկը հասկանալի է նաև իրանական կողմի համար: Չէ՞ որ հենց Իրանն է, որ բազմիցս Ադրբեջանին մեղադրել  է իր տարածքը ծայրահեղականներին անարգել տրամադրելու մեջ: Անգամ Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններում իրանական մի շարք շրջանակներ ադրբեջանական հետքն էին ակնարկում: Հետևաբար, պատահական չէ տարածաշրջանների որոշ երկրների վկայակոչելը Սերժ Սարգսյանի հարցազրույցում, ինչպես նաև այն, որ որոշ երկրներից եկող վտանգին Իրանը և Հայաստանը պետք է համատեղ դիմակայեն:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերությունների՝ թերևս ամենագլխավոր ասպեկտին՝ էներգետիկ համագործակցությանը: Սարգսյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

 Ակնհայտ է, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքով իրանական գազն արժենում է մոտավորապես այնքան, որքան Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է սահմանին: Սա իրանական գազը ռուսականին լիարժեք այլընտրանք է դարձնում և վկայում սակագնի որոշման հարցում Հայաստանի նկատմամբ Իրանի ճկունություն հանդես բերելու հնարավորության մասին: Ամբողջ հարցն այն է՝ ունի՞ Երևանը Մոսկվայի հետ բանակցություններում այդ խաղաքարտը կիրառելու կամք: Էներգետիկ ոլորտի բոլոր համատեղ նախագծերի իրականացման դեպքում Հայաստանը կարող է Իրանի համար պատուհան դառնալ դեպի ԵՄ և ԵՏՄ, հենց դրանով է պայմանավորված իրանական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման մեջ:

Իրանական պարբերականը փորձել է Սերժ Սարգսյանից ճշտել, թե ինչո՞ւ չիրագործվեց Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցմանը դեպի Վրաստան ու Եվրոպա: Այստեղ Սարգսյանը խուսանավել է խոսել՝ բոլոր կողմերի շահերը համադրելու անհրաժեշտությունից: Իսկ թե ում շահերից չէր բխում այդ նախագծի իրականացումը, դժվար չէ կռահել, քանի որ դա կյանքի կոչելը կենթադրեր Եվրոպայի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ անկախությունը: Եվրոպան ազատվում է ռուսական գազից կախվածությունից, իսկ Վրաստանը՝ ադրբեջանականից: Խոսելով շահերի բախումից, Սերժ Սարգսյանը փաստացի ակնարկել է, որ հայկական կողմից տարանցիկ գազային նախագծի հարցում աշխուժություն չի լինի: Գուցե պատճառը այն է, որ հայկական կողմին չի բավարարում ռուսների հետ հարաբերությունները վատթարացնելու դիմաց առաջարկվող գինը:

 

Ստելլա Խաչատրյան