Անկարայում օգոստոսի 1-ին մեկնարկել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Աքընջը» ավիաբազայի գրավման գործով դատավարությունը:

 Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

 «Աքընջը» ավիաբազայի գրավման գործով մեղադրանք է առաջադրվել 486 անձի:

Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Աքընջը» ավիաբազայից խռովարարները հանել էին կործանիչներ և ուղղաթիռներ, որոնցով ռմբակոծել էին Թուրքիայի խորհրդարանի և մի շարք այլ շենքեր:

Հեղաշրջման փորձի կազմակերպման գործով պաշտոնական Անկարան գլխավոր մեղավոր է համարում իսլամական «Հիզմեթ հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Թուրքիայի դատախազությունը Գյուլենի և 44 այլ մեղադրյալների նկատմամբ պահանջում է կիրառել ցմահ ազատազրկման պատիժ:

2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական միջամտության փորձ իրականացվեց: Խռովարարները երկրի զինվորականներն էին, ովքեր կարողացան մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն իրականացնել երկրի կարևորագույն կառույցների նկատմամբ: Զենքերն ուղղվեցին անգամ նախագահական նստավայրի և մեջլիսի շենքերի վրա: Երկրի պետական հեռուստաընկերությունը գրաված զինվորականները հայտարարեցին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին:

Հեղաշրջման մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց երկրի նախագահ Էրդողանը Facetime հավելվածի միջոցով ուղիղ կապով կարողացավ եթեր մտնել՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և թույլ չտալ ռազմական հեղաշրջման իրականացումը: Էրդողանի կոչը տվեց ցանկալի արդյունք: Նաև հասարակ քաղաքացիների միջամտությամբ հեղաշրջման փորձը տապալվեց: Իշխանությունները կատարվածի պատասխանատու հայտարարեցին գյուլենականների առաջնորդ, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ կատաղի պայքար սկսելով նրա կողմնակիցների դեմ: Ինքը՝ Գյուլենը, ի սկզբանե հերքեց որևէ առնչություն հեղաշրջման փորձի հետ: Նա հայտարարեց, որ կատարվածը եղել է Էրդողանի բեմադրությունը, ով այդպիսով ցանկացել է ամրապնդել իշխանությունը երկրում:

Թուրքիայի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկրում զոհվեցին հեղաշրջման կողմնակից 104 զինվոր, իսկ հեղաշրջման դեմ դուրս եկածներից զոհվեցին 246-ը: Վիրավորների թիվը մոտ 2 հազար էր: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո երկրում ձերբակալվեցին առնվազն 40 հազար մարդ՝ զինվորականներ, դատավորներ և դատախազներ, տարբեր նախարարությունների և պետական կառույցների աշխատակիցներ: Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացվեցին աշխատանքից, այդ թվում և համալսարանների, դպրոցների ուսուցիչներ, պրոֆեսորներ և դասախոսներ: Երկրում երեք ամսով հայտարարվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվելով գործում է մինչ օրս: