Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները:

Ինչպես  հայտնում է «Ժողովուրդ» թերթը, նախարարությունից իրենց բերել են վերջին շրջանում լայնորեն տարածված արդարացումը՝ բյուջում փող չկա: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամեն առիթով հայտարարում է, թե պետպատվերով բուժման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, այս ընթացքում հիվանդների դժգոհությունները և արդարացի բողոքները չեն դադարում: Բուժհաստատություններում հիվանդներին տեղեկացնում են, որ պետք է սպասեն բյուջետային հատկացումներին, ինչը մոտ ապագայում չի լինի: Իսկ ով չի ցանկանում սպասել, բուժման համար պետք է վճարի: Այլ հարց է՝ հիվանդը վարկային միջոցներո՞վ, թե՞ պարտքով է բուժվելու, դա ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ ով վարկ ստանալու եւ պարտք վերցնելու հնարավորություն չունի, ապա հանգիստ կարող է գնալ տուն եւ եւ սպասել մեռնելուն: Ինչպես հայտնի է՝ պետպատվերով սպասարկվում են հիմնականում խոցելի խմբերը, ովքեր վճարունակ չեն: Զավեշտալին այն է, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել: Այսինքն՝ հղիները գնում են հիվանդանոց, սակայն նրանց չեն սպասարկում պետպատվերով՝ ասելով, թե «լիմիտն ավարտվել է»: Ահա՛ թե ինչպես են մեր երկրում խթանում ծնելիությունը: Դե, բայց ի՞նչ արած՝ բյուջեում փող չկա: Իսկ գուցե լինե՞ր այդ փողը, եթե չլինեին հետևյալ, մեղմ ասած, ճոխ և անիմաստ ծախսերը:

2016 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի գործուղումների համար ծախսվել է 663 մլն․ դրամ: Նախ տրվել է 579 մլն․, հետո պարզվել է, որ գնալու շատ տեղեր կան, եւ գումարն ավելացվել է: Նախագահը կատարել է 18 արտասահմանյան եւ ներհանրապետական այց: Աճե՞լ է ՀՀ արտաքին հեղինակությունը նախագահի արտասահմանյան այցերից, կամ ներհանրապետական շրջագայություններից հետո երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվե՞լ է: Եվ ուշագրավ է, որ մեկ գործչի, առավել եւս՝ երկրում առկա խնդիրների գլխավոր պատասխանատուի շրջագայության համար հատկացվում է մեծ գումար՝ հավելավճարով, իսկ բազմաթիվ կարեւոր ճյուղերից խնայողություններ են արվում: Կառավարությունն այս հարցում ոչնչով հետ չի մնացել: Կարելի է ենթադրել, որ վերջերս մեր հայրենի գերատեսչություններում մեդալային տենդ է գրանցվել. Կառավարության աշխատակազմը գնել է 75 հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 20 700 դրամ արժողությամբ: Կրթության և գիտության նախարարությունը 5 մլն 280 հազար դրամ է ծախսել՝ 2016-ին մեդալների ձեռքբերման համար: Մշակույթի նախարարությունը 2016 թվականին 4 մլն 980 հազար դրամով ձեռք է բերել 120 հատ ոսկե մեդալ՝ տուփերով:
 
Մեր  նախարարները կարող են կառավարության ճանապարհորդական նոր քաղաքականության հաստատումից ու թռիչքների էժան տոմսեր գնելու հայտարարություն-կոչերն արհամարհել եւ շարունակել թռչել աստղաբաշխական թվերով՝ Կապի նախարարը Բարսելոնա գնալ-գալու համար վճարի 1.32 մլն․ դրամ, արտգործնախարարը Երեւան-Փարիզ-Ժնեւ-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար վճարի 3 մլն․ 579 հազար 578 դրամ, իսկ նույն չվերթով թռչող նրա աշխատակիցը՝ 1 մլն․ 198 հազար դրամ: Կամ ֆիննախարարության երկու պաշտոնյայի գործուղել Նյու Յորք նույն՝ ինքնաթիռով մեկի համար վճարելով 5.5 մլն․ դրամ, մյուսի համար՝ 390 հազար: Մեկ այլ նախարար էկոնոմ դասի տոմսի համար պատվիրի 557 հազար դրամ, իսկ հետո պարզվի, որ նույն ուղղությամբ (Երեւան-Բիշքեկ-Երեւան) մեկ էկոնոմ դասն արժե 330 հազար դրամ: Կամ՝ 200 հազար դրամի փոխարեն 400 հազարով թռչի Բեռլին: Վերահսկիչ պալատի նախագահը Մյունխեն է թռչում 640 հազար դրամով, երբ նույն էկոնոմ դասն արժեր 220 հազար դրամ:
 
Հաշվեցի՞ք, թե որքան գումար կտնտեսվեր և կուղղվեր սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը, եթե պետական միջոցները օր-օրի չմսխվեին նման անհեթեթ գնումների և շռայլությունների վրա: Որքա՞ն մարդու կյանք կարող էր փրկվել, եթե այս գումարները ուղղվեին առողջապահության համակարգին՝ պետպատվերները լիմիտավորելու և հանրության մեծ մասին բուժօգնություն ստանալու իրավունքից զրկելու փոխարեն:
 
Ստելլա Խաչատրյան