Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձավ մարզպետների աշխատանքի արդյունավետությանը՝ նշելով, որ իր մարզային այցելությունների ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ:

«Տարածքային զարգացման անհամաչափությունը կարևոր խնդիր է, և մենք պատրաստ ենք օժանդակել տեղական և տարածքային իշխանություններին, որպեսզի սեփական ռեսուրսները մոբիլիզացնեն և արդյունավետ աշխատեն»:

Վարչապետը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ավելացրել են պլանային ցուցանիշները և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն անցած տարի հասել են ավելի քան 59 միլիոն դրամի:

Սակայն, ըստ վարչապետի, գործադիրի կատարած ուսումնասիրությունների շնորհիվ, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնցից է, օրինակ, մարզային բյուջեների ճիշտ կառավարումը: 

«Էական անհամաչափություններ են առկա, օրինակ՝  էական տարբերություններ են արձանագրվում հանրակրթության ոլորտում՝ մեկ աշակերտին բյուջեից հատկացվող գումարի չափը տատանվում է 125 հազար դրամից մինչև 5 միլիոն դրամ: Սոցիալական օժանդակության պատկերը նույնպես շատ տարբեր է մարզերում»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոգրյալը, վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ մեկ ամսյա ժամկետում ներկայացնել մարզպետների աշխատանքի գնահատման համակարգ՝ ըստ արդյունավետության ցուցանիշների: