ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները:

Եթե մարզպետների աշխատանքը պետք է գնահատվի  այդ չափանիշներով, ապա կառավարությունը հենց այս պահին կարող է բոլորին աշխատանքից ազատել՝ մոտակա ժամանակներում հույս չկա, որ վերջիններս կհամապատասխանեն նման բարձր պահանջների: Հայաստանում մարզպետների գործունեության գնահատականը տալու համար բավարար է անգամ տարրական փաստերի համադրումը: Վերցնենք օրինակ՝ մարզպետարանների կայքերի աշխատանքը: Մարզպետարանների կայքերում (ստեղծված են 10 կայքէջեր` մեկ տիպական մոդելով, օրինակ` lori.region.am, kotayk.region.am եւ այլն) ամենաթարմացվողը «նորություններ» բաժինն է, որտեղ տեղադրված լուրերը հիմնականում վերաբերում են մարզպետարանում կամ մարզում տեղի ունեցող կրթական-մշակութային միջոցառումներին, հատկապես որոնց մասնակցել է մարզպետը: Մարզերից անտեղյակ կայք այցելողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ մարզերում բնակչությունը մշակութային ակտիվ կյանքով է ապրում: Մարզպետներն ամեն տարի իրենց աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Կառավարությանը, որը, սակայն, տեղ չի գտնում մարզպետարանների կայքերում:

Անգամ այս պարզ օրինակն ի ցույց է դնում մարզպետարանների թափթփվածությունը և անլրջությունը, որով վերջիններս վերաբերվում են իրենց գործունեությանը: Դա է պատճառը, որ գործնականում Կարեն Կարապետյանը սկսել է ավելի հաճախ և ավելի հնչեղ կերպով «մատուցել» իր և համակարգի «տարբերությունը»՝ մասնավորապես ՏԻՄ համակարգի կառավարման կապակցությամբ ներկայացնելով իր դժգոհությունը և ցույց տալով, որ չունի իշխանության համար ամենակարևոր հիմքը կամ բազան՝ ՏԻՄ ռեսուրսը: Թե ինչպես են այսօր «ընտրվում» համայնքապետերի մեծամասնությունը՝ գաղտնի չէ: Հասկանալի է, որ օլիգարխի նշանակած համայնքապետն իրեն հաշվետու չի զգալու բնակչության առջեւ: Պատահական չէ, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցությունը մարզերում մեծ տեղաշարժ չի առաջացրել եւ հնարավոր էլ չէ պատկերացնել այդպիսի մի գլոբալ ծրագրի իրականացում, որտեղ չկա հանրության կարծիքը լսելու, հանրությանը հաշվետու լինելու գործընթաց: Ստեղծված իրավիճակում Կարեն Կարապետյանին այլ բան չի մնում, քան փորձել փոխել մարզպետարանների գործելաոճը և տրամաբանությունը՝ ՏԻՄ ռեսուրսը վերաձևելով և հարմարացնելով իրեն:

Ստելլա Խաչատրյան