Չնայած Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ենթադրվում էր, որ ԻԻՀ Սերժ Սարգսյանի այցը սահմանափակվելու է արարողակարգային միջոցառումներով` Իրանի Իսլամական Հանրապետության վերընտրված նախագահ Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այս հանդիպման և հայ-իրանական հարաբերությունների համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ասել է, թե Տրանսպորտի նախարարությունը մեկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում: Ուշադրություն դարձնենք՝ թե՛ Իրան-Հայաստան, թե՛ Իրան-Ադրբեջան երկաթուղիների ծրագրերով նախատեսվում է տարեկան մոտ 25 միլիոն տոննա բեռնափոխադրումներ: Այսինքն` երկու ծրագրերն էլ «պայքարում» են միևնույն շուկայի համար:Հայաստանից ու Ադրբեջանից որ մեկն առաջինը հասցնի սկսել ու ավարտել Իրանի հետ երկաթուղային կապ հատատելու ծրագիրը, նա էլ կդառնա հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր հանգույց: Հայաստանի համար սա ավելի կարևոր է, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանին կհաջողվի նաև արևելքից շրջանցել ու ենթակառուցվածքային շրջափակման մեջ առնել Հայաստանը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Իրանի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Սա անշուշտ հստակ մեսսիջ է, որը Թեհրանն ուղղում է Ադրբեջանին և Թուրքիային: Իրանը սկսել է հայտարարությունների մակարդակով զգուշացնել Ադրբեջանին թե՛ Արցախյան հակամարտության սրման, և թե՛ հակաիրանական դիրքորոշում ունեցող պետությունների հետ գործակցության կապակցությամբ: Բաքվի բռնապետի վարչակարգը Իսրայելի հետ համագործակցությամբ մոտենում է այն կարմիր գծին, որից այն կողմ՝ Իրանի վրդովմունքը զսպելը շատ դժվար կլինի: Արցախյան հակամարտության գոտում պարբերաբար սրացումներ ստեղծելով՝ Բաքվի բռնապետի վարչակարգը լրացուցիչ լարվածություն է առաջ բերում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև ապակայունացնում իրավիճակը Իրանի հյուսիսային սահմաններին, ինչը նույնպես չի կարող չանհանգստացնել այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

 

Ստելլա Խաչատրյան