Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմավիրի քաղաքապետի հասցեին կշտամբանքների տարափով վարչապետ Կարեն Կարապետյանը գրավեց հանրային մեծ ուշադրություն: Հայտնի տեսանյութը դարձավ բավական դիտարժան: Կարեն Կարապետյանը բորբոքված դիմում է քաղաքապետին` «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում»: Իսկ ողջ խնդիրը նրանում էր, որ քաղաքապետը կմկմացել էր և չէր կարողացել աղբահանության մասին ծրագիր ներկայացնել:

Իհարկե, զարմանալի է տեսնել դրայվոտ և դիլխորներին ոգեշնչող վարչապետին՝ զայրացած և ափերից դուրս եկած: Թերևս Կարեն Կարապետյանը հասկացել է, որ «կուլտուրականով» մեր քաղաքական իրականության մեջ հարցերը չեն լուծվում, կամ շատ դանդաղ են լուծվում. քրեաօլիգարխիկ ժարգոնն այս պարագայում շատ ավելի ազդեցիկ է: Կարեն Կարապետյանը վերջապես մերվել է հայաստանյան քաղաքական դաշտին և այժմ փորձում է խաղալ նոր կանոններով: Այն, որ Արմավիրում աղբահանության հետ կապված խնդիրներ են կուտակվել, վարչապետը տեղյակ է և շատ վաղուց: Ընդ որում՝ այդ խնդիրները կուտակվել են հենց 2002-ից մինչև 2015-ը՝ կարճ ընդհատումներով Արմավիրն իր հսկողության տակ պահող ներկայիս քաղաքապետի օրոք: Համայնքի մաքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների առաջնային խնդիրն է: Քաղաքային համայնքների տարեկան բյուջեի շուրջ 40 տոկոսն ուղղվում է համայնքի աղբահանմանը և բարեկարգմանը: Արմավիր քաղաքում այդ նպատակով ստեղծված է առանձին կառույց՝ «Բարեկարգում» տնօրինություն, որն իրականացնում է այդ աշխատանքները: Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ հնչում են արդեն տարածված պատասխանները՝ մեքենա չկա, անվադող չկա, վառելիք չկա, աշխատավարձը շատ քիչ է և այլն:

Աղբահանության խնդիրը մշտապես Արմավիր քաղաքի ավագանու նիստերի քննարկման առարկան է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը սկզբում կարծում էր, որ «Բարեկարգում» տնօրինության ղեկավարին փոխելով, կարող է հարցը լուծվել: Ավելի ուշ՝ մտածեց, որ խնդրի լուծումը կարելի է գտնել աշխատողների աշխատավարձերի կրկնապատկմամբ, սակայն մինչ օրս քաղաքապետի մտքով չի անցնում, որ քաղաքի մաքրությունն ուղիղ համեմատական է տեխնիկական միջոցների քանակին, և հարցը ոչ միայն անձերից կամ աշխատավարձի չափից է կախված, այլ տեխնիկական պարկի համալրումից: Ինչպես երևում է՝ սա քաղաքապետի միակ թերացումը չէ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այլ երկրներում վարչապետի նման կոշտ հայտարարություններից հետո քաղաքապետն արդեն իսկ պետք է հրաժարական տված լիներ: Ի դեպ, Խլղաթյանը նման փորձ նույնպես ունի, վերջինս հրաժարականի դիմում էր ներկայացրել 2013-ին, երբ իր ղեկավարած համայնքում ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն իր օգտին ստացած քվեներով զիջել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Իհարկե, հրաժարականը չընդունվեց, ՀՀԿ-ն ներեց իր վետերանին: Այս իրավիճակը բացահայտում է այն իրողությունը, որն այսօր առկա է մեր քաղաքական իրականության մեջ: Պաշտոնյաները հրաժարական են տալիս միայն կուսակցության և իրենց առաջնորդների համար ձայն չապահովելու պարագայում, այն դեպքում, երբ կուսակցությունը գտնում է, որ տվյալ անձն ամբողջ ջանասիրությամբ չէր նվիրվել ընտրակաշառք բաժանելու գործին, կամ, աստված մի արասցե, որևէ քայլ է անում, որը հակասում է կուսակցության քաղաքական և բիզնես շահերին:Իսկ աղբահանության, ջրամատակարարման, գյուղատնտեսական խնդիրներն արդեն բնականոն երևույթ են դարձել համայնքների ղեկավարների համար: Նրանք ապրում են խնդրի հետ համակերպվելու սկզբունքով, քանի որ լուծման ոչ ցանկություն ունեն, ոչ էլ փող:

Իրենց հերթին՝ մարզպետարաններն էլ, համայնքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, այլ լուրջ գործառույթներ չունեն կամ էլ դրանք այնպիսին են, որ կարող են իրականացվել համապատասխան նախարարությունների կողմից: Եւ եթե մի գեղեցիկ օր մարզպետարանները փակվեն, ապա ո՛չ պետական կառավարումը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարումը դրանից առանձնապես չեն տուժի: Ընդհակառակը, կխնայվեն հսկայական պետական միջոցներ: Իսկ մինչ այդ՝ Կարեն Կարապետյանը պետք է իր նյարդային համակարգի հաշվին փորձի սթափեցնել միայն «4-րդ զախոդից» գլխի ընկնող մարզպետներին և քաղաքապետերին:

 

Ստելլա Խաչատրյան