Լոռու մարզի դատախազությունը 2017 թվականի օգոստոսի 1-ին Սանահինի վանական համալիրի տապանաքարերը տեղաշարժելու և հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել 264  և 265 հոդվածների հատկանիշներով և ուղարկել մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Օգոստոսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնած տարբեր գերատեսչությունների հետ համատեղ պատմամշակութային հուշարձանների պահպանության, դրանց վերաբերյալ քրեական գործերի մասին  խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:

 «Նյութերի նախապատրաստման և գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գագիկ Վերանյանը իր հոր՝ Վանիշկա Վերանյանին հուղարկավորել է Սանահինի վանական համալիրի տարածքում` Զաքարյանների տոհմական դամբարանի տապանաքարերը տեղահանելով և դրանք շուրջ մեկ մետր հեռացնելով»,- ասաց Պետրոսյանը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի խոսքով` նախաքննության ընթացքում ստացվել է Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության , Լոռու և Տավուշի տարածքային բաժնի գրությունը այն մասին, որ Սանահին վանական համալիրում կատարված ապօրինի հուղարկավորությունը, որի հետևանքով տեղաշարժվել են Զաքարյանների դամբարանների երկու տապանաքարերը, տեղի է ունեցել Սանահինի համայնքապետի և Սանահին վանական համալիրի քահանայի թողտվության հետևանքով:

«Իսկ Գագիկ Վերանյանը դեպքի առթիվ հայտնել է, որ ինքը հուղարկավորությունը կատարելիս տեղյակ չի եղել, որ դա հանդիսանում է Սանահինի վանական համալիրի   տարածքը և այն որևէ տարանջատում չի ունեցել գյուղի գերեզմանատան հարակից հատվածից: Ըստ Սանահին վանական համալիրի քահանա տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանի բացատրության՝ նորակառույց գերեզմանը կառուցվել է հնադարյան աճյունների վրա: Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Պետրոսյանը: