«Այսօր հայ կանայք սկսել են տղամարդկանց հավասար ծխել՝ ցույց տալով, որ իրենք ազատամիտ եվրոպացիների նման են և տղամարդուց ոչ մի բանով չեն տարբերվում՝ չհասկանալով ծխախոտի հասցրած վնասները: Հիմա ծխող հայ կանանց թիվը եռապատկվել է,  այս պահին 100 հազար ծխող հայ կանայք ունենք, նրանց մեջ կան չամուսնացած կույսեր և  բիզնես-լեդիներ, կույսերը ծխում են, քանի որ անելու բան չունեն, բրիզնես-լեդիներն էլ ծխելով իրենց բարձր դիրքում են զգում: Ծխելու վնասը հասկացել են արտասահմանում, երբ գները կտրուկ բարձրացրին, կամ երբ, օրինակ, ֆիրմայում մեկը ծխում է, նրա բոսը պահում է աշխատավարձի 30 տոկոսը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով, սակայն, որ, եթե Հայաստանում ծխախոտի գինը թանկացնեն, շատ ընտանիքներ հացի փող չեն ունենա:

«Տղամարդը, որ իմանում է՝ կինը ծխում է, պետք է թողնի նրան, չամուսնանա հետը»,-խորհուրդ է տալիս սոցիոլոգը՝ այս տարբերակը համարելով ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց: 

Խոսելով ծխախոտի դեմ տարվող պայքարի մասին՝ Ահարոն Ադիբեկյանն առանձնացրեց նաև այդ ուղղությամբ դպրոցներում տարվող պայքարը, որն ըստ ուսումնասիրությունների՝ տալիս է դրական դինամիկա: 

«Պետք է քաջ գիտակցենք, որ ծխախոտ չարտադրել չենք կարող, դա մի մեծ ինդուստրիա է, որն ապահովում է նաև մեծ թվով աշխատատեղեր, ուստի պետք է աշխատել մարդկանց գիտակցության վրա, ինչին գնում են զարգացած երկրները»,-նշեց սոցիոլոգը:

Խոսելով էլեկտրոնային ծխախոտների օգտագործման և դրանց տարածվածության մասին՝ Ահարոն ադիբեկյանը նշեց, որ դրանց կիրառումը շատ քիչ է և չի բացառվում, որ դրանք նույնպես վնասակար են՝ հաշվի առնելով դրանց պայթելու և բերանը վնասելու հնարավորությունը: «ԱՄՆ-ում նման ծխախոտ արտադրելու համար յոթ տարի ուսումնասիրություն են անում. այնպես որ՝ այս հարցում պետք է շատ զգուշավոր լինել»,-ասաց Ադիբեկյանը: