Կառավարության անդամները կարծես ցայտնոտի մեջ են հայտնվել դաշնակից Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա գնահատելու հարցում: Այսօր բառացիորեն մեկը մյուսի հետևից իրարամերժ հայտարարություններով հանդես եկան Սուրեն Կարայանը և Շավարշ Քոչարյանը: Եթե Կարայանը վստահ է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա որևէ բացասական ազդեցություն չեն թողնի, ապա Շավարշ Քոչարյանը կարծես թե չի կիսում իր գործընկերոջ լավատեսությունը, հայտարարելով, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար կազդեն հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Ինչպես երևում է՝ ակնհայտ է վառ ընդգծված հակասություն՝ պաշտոնյաների գնահատականների միջև: Կամ առնվազն, եթե ելնենք նրանց գերտեսչությունների տրամաբանությունից, ապա տնտեսական առումով՝ Հայաստանը որևէ բացասական ազդեցության չի ենթարկվի, իսկ ահա քաղաքական դաշտում ռիսկերը մեծ են: Սա ճշմարտության մի մասն է ընդամենը: Իսկ հայ իսթեբլիշմենթից պահանջվում է հստակ գնահատական և նաև գործողությունների ծրագիր՝ ցանկացած զարգացման համար: Սուրեն Կարայանը թերևս հիշում է, որ ժամանակին էլ ասում էին՝ էական ազդեցություն չի թողնելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, բայց ի՞նչ պարզվեց՝ Հայաստանի տնտեսությունը երրորդ ամենամեծ անկում գրանցած երկիրը եղավ:
 
Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները բացասական ազդեցություն կթողնեն ՌԴ-ի տնտեսության վրա: Իհարկե, ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ՌԴ-ն ՀՀ-ի տնտեսական թիվ մեկ գործընկերն է: Սակայն խնդիրն իրականում բոլորովին էլ պատժամիջոցները չեն, այլ այն, թե ինչ տնտեսական իրադրություն կլինի Ռուսաստանում, քանի որ դա էլ իր հերթին՝ ազդում է ԵՏՄ երկրներում տնտեսական իրադրության վրա։ Դեռևս ամեն ինչ ծայրահեղ չէ։ Բայց պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով է ռուսական տնտեսությունը կայուն, ինչպես կարձագանքի ճգնաժամին։ Այսինքն՝ ճգնաժամը Ռուսաստանում արտացոլվելու է նաև Հայաստանում։
 
Փաստորեն, կառավարությունների ծրագրերը, հնարավոր է, չկատարվեն, քանի որ տնտեսական կոնյունկտուրան բարենպաստ չի լինի։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները, ռազմական գործողությունների ակտիվացումը, պարզ է, որ կրքերը թեժանում են, և ակնհայտ կերպով այդ ամենը կկապվի նաև Ռուսաստանում ներքին իրադրության հետ։ Հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ կարող է անել ՀՀ-ն, որ այս պատժամիջոցների արդյունքում ունենալիք կորուստները որոշակիորեն փոխհատուցվեն: Հայաստանը պետք է ակտիվ աշխատի ամերիկացիների հետ, որպեսզի ՀՀ-ում ինչ-որ ծրագրեր սկսեն իրականացնել: Ենթադրենք՝ վերականգնեն «Հազարամյակի մարտահրավերը»:
 
Քաղաքական առումով, տեղի ունեցածը Հայաստանի վրա նույնպես բացասական կանդրադառնա: Կնեղանա ու կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումը՝ իր դաշնակիցների նկատմամբ, և ռուսական կողմից եկող մեսիջների փոփոխությունն արդեն իսկ նկատելի է: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը Հայաստանի վրա կարտացոլվի նրանով, որ կողմերն ավելի շատ կփորձեն մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում։ Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել քաղաքական գործընթացների սրացումների։ Ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը, հնարավոր է՝ դեմ լինի նաև Եվրամիություն-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրմանը։
 
 
Ստելլա Խաչատրյան