Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վստահեցնում է, որ Լոռու մարզում դաբաղ չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ ներկա դրությամբ Սննդի անվտանգության պետական ծառայության և Գյուղատնտեսության նախարարության մասնագետները տեղում վերլուծում են իրավիճակը, նմուշառում իրականացնում:

Դիտարկմանը՝ եթե չկա նմուշառում, ապա ինչի՞ վրա հիմնվելով է գերատեսչությունը պնդում, որ դաբաղ չկա, նախարարը պատասխանեց. «Առաջնային հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ»: Գյուղնախարարը նաև հերքեց մասնագետների կողմից բարձրաձայնվող այն կարծիքը, որ Հայաստանում երաշտ է: Նախարարի հերքումը կարելի է հասկանալ. նրա ղեկավարած գերատեսչությունը վերջին շրջանում միայն դրանով էլ զբաղվում է: Սակայն վերջին հաշվով՝ ջրի երես են դուրս գալիս բազմաթիվ կեղծիքներ՝ նույնի ծիրանի արտահանման թվերի հետ կապված, որոնք վստահություն չեն ներշնչում Իգնատի Առաքելյանի հավաստիացումների հանդեպ: Երաշտի նախանշանները կան, և դա փաստ է: Ջրամբարների պատմությունն այդպես էլ հանելուկ է մնում, հասկանալի չէ, թե ինչպես են դրանք դատարկվել։ Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ համակարգը: Եթե ըստ նախարարի՝ Հայաստանում երաշտ չկա, ապա ինչի՞ համար է կառավարությունը որոշում կայացրել Սևանից հավելյալ ջուր բաց թողնել: Խոսվում է այն մասին, որ Հայաստանը չի կարողանում խնայողաբար օգտագործել իր ջրային ռեսուրսները, քանի որ ջրամբարներ չի կառուցել: Այս խնդիրները չէին առաջանա, եթե Սևան- Արփա թունելը շահագործման հանձնվեր: Չպետք է նաև մոռանալ, որ կառավարության կողմից թունելի վերանորոգման համար գումար է հատկացված եղել, որը գուցե արդեն չկա: Վերջին 5 տարվա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ունենք ջրամբարների խնդիր՝ չնայած հսկայական գումարներ ծախսվեցին և՛ Համաշխարհային բանկի ռեսուրսներից, և՛ գերմանական վարկից, որ այդ  ջրամբարները բարվոք աշխատեն, սակայն արդյունքում՝ ձագարները չեն մաքրվում, Հանրապետության նախագահի հանձնարարականը՝ բարեփոխումների ծրագրի հետ կապված, չի կատարվում

 

Ստելլա Խաչատրյան