2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում պարտադիր է դառնում 12-ամյա կրթությունը: 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Առաջիկա ուսումնական տարվա նորամուծությունն 9-ամյա պարտադիր դպրոցական կրթությունից անցումն է 12-ամյա պարտադիր կրթության։ Այս որոշումն ընդունվել էր դեռևս 2015 թվականին և ուժի մեջ է այս տարվա հունիսի 1-ից։ Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ՝ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։ Եթե զուտ մտադրությունների տեսանկյունից նայենք կրթությանը, ապա ոլորտում իրականացվող ծրագրերի գերակշիռ մասն ունի լավ մտադրություն։ Հետևաբար՝ շատ կարևոր է, թե ինչպես ես նախապատրաստում և իրականացնում լավագույն մտադրությունները։
 
Այն, որ մինչև 19 տարեկանը մեր երիտասարդները լինելու են կրթության մեջ, օգտակար է: Սակայն 12-ամյա պարտադիր կրթության մասին օրենք ընդունելով՝ իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն՝ ներդրումներ անելու ոլորտում: Առաջին և հիմնական խնդիրը, որ առաջանում է, վերաբերում է ավագ դպրոցներում կրթության պրոցեսի կազմակերպմանը: Կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի աշակերտների մոտ լինի մոտիվացիա՝ մասնակցելու այդ պրոցեսին: Հակառակ դեպքում՝ պարտադիր դարձնելով կրթությունը բոլորի համար և չփոխելով վերջինիս բովանդակաությունը՝ դպրոցները դառնում են աշակերտների ժամանակավոր պահման վայր: Այս պարագայում չի կարելի խոսել կրթության արդյունավետության մասին: 12 տարով կրթության պարտադիր դարձնելը խնդիր է հարուցում հատկապես գյուղական համայնքներում ապրող երեխաների համար: Գյուղում ապրող երեխան, տրանսպորտի բացակայության պայմաններում, ինչպե՞ս պետք է մարզկենտրոն գնա՝ ավագ դպրոցում կամ արհեստակցական քոլեջում սովորելու համար:
 
12-ամյա պարտադիր կրթության ոլորտում ֆինանսական ներդրում կատարելու փոխարեն, այդ միջոցները կարելի է ուղղել երեք հիմնական նպատակների իրականացման համար: Առաջին, պարտադիր դարձնել նախադպրոցական կրթությունը, որը հանդիսանում է միջնակարգի հիմքը: Մենք ունենք մանկապարտեզներում 30% հաճախելիություն:
Երկրորդ, լրացուցիչ միջոցներ հատկացնել դպրոցներին, որպեսզի ուսուցիչներն արտաժամյա աշխատեն այն աշակերտների հետ, որոնք առաջադիմության հարցում հետ են մնում մյուսներից: Երրորդ, աջակցել այն աշակերտներին, որոնք ընդունակ են, ունեն բարձր առաջադիմություն, բայց սոցիալական բարդ պայմաններից դրդված, ԲՈւՀ-ում սովորելու հնարավորություն չունեն:
 
 Եվ վերջապես, պարտադիր 12-ամյա կրթության իրականացումն այս դպրոցներում մենք ուղղակիորեն չենք կարող ապահովել: Հայաստանում 109 ավագ դպրոց կա, որից 9-ն է գյուղական համայնքներում: Շուրջ 850 գյուղական համայնքներում ունենք ընդամենը 9 ավագ դպրոց: Ինչպե՞ս պետք է մնացած գյուղերն իրականացնեն պարտադիր 12-ամյա կրթությունը; Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում քաղաքացին ուզում է աշխատել եւ նրա համար, մեղմ ասած, միևնույն է 12-ամյա կրթությունը: Կառավարությունը ինչպե՞ս է պարտադրելու նրան: Սա դառնալու է բյուրոկրատիայի, կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց. կրկին կխեղճացնեն քաղաքացուն, որը Հայաստանից դուրս գալու եւս մեկ պատրվակ կունենա:
 
Ստելլա Խաչատրյան