Հայաստանում ավիատոմսերի շուկայում անհասկանալի իրավիճակ է տիրում: Մամուլից տեղեկանում ենք, որ ավիաընկերություններում այս պահին ցածր կագի բոլոր տեղերը փակ են, վաճառքում մնացել է միայն բարձր կարգի տեղեր, գներն էլ կրկնակի, եռակի թանկացել են։ Երևան-Վարշավա, Երևան-Փարիզ չվերթների տոմսերը 300 հազարից 330 հազար դրամ են այս պահին, Երևան-Կիևը, որը գրեթե միշտ առաջարկել է ավիատոմսերի մատչելի գներ, այս պահի դրությամբ 300 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր է առաջարկում միայն էկոնոմ կարգի տեղերի համար։

Ավելորդ է նշել, որ տեղական ավիափոխադրողի առկայության դեպքում նման խնդիրներ չէին առաջանա։ Բաց երկնքի քաղաքականությունը մեր երկրում ընդունվեց հապշտապ, տեղական ավիաընկերությունների շահերը չպաշտպանած և նրանց նկատմամբ իրականացվելիք դեմպինգի հավանականությունը չհաշվարկած։ Արդյունքում, երբ սրան գումարում ես նաև պետական վերահսկողության բացակայությունը, հասկանալի է դառնում, թե ինչպես մեկ օրվա ընթացքում ավիատոմսերի գները կարող են կրկնակի կամ եռակի թանկանալ: Հայաստանը վարում է բաց երկնքի քաղաքականություն, բայց Եվրոպա մեկնել ցանկացողների զգալի մասը գերադասում է մեկնել Վրաստան եվ օգտվել թուրքական ավիաընկերությունից: Պատճառը պարզ է՝ այնտեղ ավիատոմսերը զգալի էժան են: Մրցակցային անհասկանալի պայմաններին չդիմացավ անգամ հայկական միակ` «Էյր Արմենիա» ընկերությունը, որը գործունեությունը սկսելուց ընդամենը 1 տարի անց՝ ստիպված եղավ դադարեցնել ուղեւորափոխադրումները: Եվ եթե այս ամենին գումարում ենք նաեւ այն, որ դեպի Մոսկվա ավիատոմսերի սկզբնական էժանացումից բացի՝ անցած 1,5 տարվա ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով նկատելիորեն թանկացան ավիատոմսերի գները, պարզ է դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում՝ Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը շուտով կփակվի: Ավիատոմսերի բարձր գինը լրջագույն խոչընդոտ է Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Բացի այդ՝ ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս հայաստանցիներին՝ իրենց նման ճոխություններ թույլ տալ, մինչդեռ բաց երկնքի քաղաքականության նպատակներից մեկն էլ հենց ավիափոխադրումն ավելի մատչելի, հասանելի դարձնելն էր:

Բարելավման քայլերից մեկը կարող էր լինել հարկերն իջեցնելը, բայց Հայաստանը շարունակում է ունենալ պետության կողմից սահմանված ամենաբարձր հարկեր ունեցող երկրներից մեկը: 2011թ. հետազոտություն էր անցկացվել, որի արդյունքներով՝ 25 օդանավակայաններից ամենաբարձր գներ ունեցողներից մեկը Հայաստանն էր: Երբեմն փաստարկ է հնչում՝ Հայաստանում թանկ է, որովհետև մասնավոր ընկերություն է ղեկավարում: Բայց, օրինակ, հարկերի տեսանկյունից՝ օդանավակայանի կողմից սահմանված հարկերն ուղևորների համար միջին են, մինչդեռ ուղևորների համար սահմանված հարկերը պետության կողմից՝ բավականին բարձր են: Հենց դա է տոմսերի թանկ լինելու պատճառը: Կառավարությունը ցանկություն չունի հարկերն իջեցնելու, ոլորտը բարելավելու և ազատականացնելու:  Բաց երկնքի քաղաքականությունը փաստացի փակում է Հայաստանով հետաքրքրվող ավիաընկերությունների ճանապարհը, որովհետև օդանավակայանում ծառայությունների գները չարդարացված թանկ են, իսկ սպասարկումը՝ անորակ: Ըստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ ոչ միայն հարևան Վրաստանի, այլև եվրոպական երկրների համեմատ՝ Հայաստանում ավիաընկերություններից գանձվող վարձավճարները շուրջ 20 տոկոսով բարձր են:

Կառավարությանը չի մտահոգում այն փաստը, որ մեր երկիր ունեցած թռիչքներից հրաժարվել են եվրոպական մի շարք ավիաընկերություններ, կամ, լավագույն դեպքում, նվազեցրել են թռիչքների հաճախականությունը: Թերևս կգա մի օր, երբ մենք աշխարհի այլ երկրներ կթռչենք միայն Մոսկվայով: Այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում էր: Մեր պարագայում, երբ արտաքին աշխարհի հետ կապն անմիջականորեն կապված է ազգային անվտանգության հետ, կառավարությունը պետք է մտածեր ոչ թե միանգամից ազատ երկնքի քաղաքականությանն անցնելուն, այլ քայլ առ քայլ դրան հասնելուն՝ դրան զուգահեռ ստեղծելով ազգային վստահելի փոխադրողներ: Այդ վստահելի փոխադրողներն էլ պետք է իսկապես վստահելի և իսկապես մրցունակ լինեն, որ միմյանց միջև կարողանան պայքարել և չարժանանան «Արմավիա»-ի ճակատագրին:

 

Ստելլա Խաչատրյան