Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան։ Սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ:

Իր պաշտոնավարման առաջին իսկ տարում Սերժ Սարգսյանը խոսեց նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մասին: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը: Սակայն հետագայում՝ 2013 թվականին, նշվեց շահագործումը մինչ 2019 թվականը երկարաձգելու մասին: Սպասման մեջ ենք մինչ օրս:

Հայկական ատոմակայանը, ինչպես հայտնի է, Եվրամիության սրտով չէ: Այսինքն` Եվրամիությունը պահանջ էր դնում փակել ատոմակայանը մինչև 2016 թվականը, քանի որ անվտանգության չափանիշների խնդիր կար: Հայկական կողմը հասկանալիորեն համաձայն չէր դրան, քանի որ Հայաստանն ունի էներգետիկ անվտանգության խնդիր: Գործող ատոմակայանն, իհարկե, հին է, սակայն կարծես թե խնդիրներ չեն առաջանա, եթե ապահովվի բարձր մակարդակի սպասարկում` անվտանգության համակարգերի արդիականացման և պահպանման առումով:

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ատոմակայանը կփակեն, եթե օժանդակություն լինի նորը կառուցելու հարցում: Այդ հարցում Եվրամիությունից և ընդհանրապես Արևմուտքից օժանդակություն կարծես թե չկա: Սակայն չկա միգուցե նաև այն պատճառով, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի հետ` այսպիսով, ըստ էության, հերթական անգամ վանելով արևմտյան հետաքրքրությունը: Սակայն Ռուսաստանը համաձայնեց ֆինանսավորել միայն արժեքի 20 տոկոսը: Իսկ նոր ատոմակայանի շինարարությունը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար: Այսինքն` ռուսները համաձայնեցին տալ մոտ 1 միլիարդ: Մյուս 4 միլիարդը Հայաստանը պետք է գտներ այլ տեղից: Իսկ որտեղի՞ց: Այսինքն` Մոսկվան ընդամենը արգելափակեց Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը, ինչի վկայությունն է նաև հենց այն, որ հայ-ռուսական պայմանավորվածություն է ձեռք բերվում Հայաստանում գործող ատոմակայանը մինչև 2026 թվականը շահագործելու մասին: Այսինքն` Ռուսաստանը մտադրություն չունի Հայաստանում ատոմակայան կառուցել, այն ընդամենը բարեհաջող կերպով խանգարեց, որ հանկարծ ուրիշները չօգնեն Հայաստանին կառուցել նորը: Անցել է արդեն վեց տարի և ինչպես երևում է, Սերժ Սարգսյանը  շինարարությունը դեռ չսկսած՝ արդեն ավարտում է:

Նոր ատոմակայան ակնկալել պետք չէ: Քանի որ այդ դեպքում կնվազեն Գազպրոմի հայաստանյան եկամուտները: Մինչդեռ նոր, արդիական ատոմակայանը կմեծացնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կախվածությունը ներկրվող գազից: Այստեղ իրավիճակը բավական պարզ է եւ հստակ են թե՛ տնտեսական, թե անվտանգային շահերը: Բայց Հայաստանի իշխանությունը ենթակա է գազպրոմյան շահերին: Հակառակ դեպքում՝ հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը չէր դրվի ռուսական իրավասության ներքո եւ այդպիսով չէր սահմանափակվի Հայաստանի ճկունության հնարավորությունը:

Ստելլա Խաչատրյան