ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը օգոստոսի 14-ին՝ ժամը 19.20-ին վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Էրեբունի օդանավակայանում իրականացվում է ինքնաթիռի ջրով լիցքավորման աշխատանք:

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ. Ռշտունին:

Այս պահին հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:   

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63  փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան,  անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:  

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: