Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկելու վարքագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն իր հայտարարությունում նշել է: 

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով: 

ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել  այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ: 

Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ»,- ասել է Զոհրաբյանը: 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշված հարցով գրությամբ դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին: 

Հայտարարությամբ  հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: 

«Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանինկատմամբ հատկապես այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում անթույլատրելի է ևքրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք էանհապաղ վարույթ նախաձեռնեն: 

Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Պապիկյանի հետ»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում: