Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազպրոմ ընկերության շահույթը կրճատվել է 11 անգամ: Ցուցանիշների նման անկումը պայմանավորված է ՌԴ դեմ ամերիկյան սանկցիաների գործարկմամբ, որոնք արդեն իսկ սկսել են նկատելի վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Ռուսաստանում դեռևս հույս են տածում, որ ամերիկյան պատժամիջոցներն ուղղակիորեն չեն հարվածի Գազպրոմի էներգետիկ նախագծերին, սակայն անկումն արդեն իսկ ակնառու է: Գազպրոմը ստիպված է լինելու որոշակի փոփոխությունների ենթարկել իր ծրագրերը, փոխել արդեն իսկ արված հաշվարկները, հատկապես այն պարագայում, երբ ԱՄՆ-ն առանձնահատուկ կերպով թիրախավորել է «Հյուսիսային հոսք» գազամուղը: Սանկցիաները էականորեն դժվարացնելու են նախագծերի իրականացումը և ֆինանսական միջոցների ներգրավումը, քանի որ ընկել է նաև Գազպրոմի վարկայնության մակարդակը: Թուլացել են Գազպրոմի դիրքերը Ուկրաինայի հետ գազի տրանզիտի շուրջ նոր պայմանագրի կնքման բանակցություններում:

Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և դրա հետևանքների հետ կապված' առաջինը պետք է հասկանանք, թե այս ամենն ինչ հետևանք կունենա ռուսական էներգետիկ շուկայի վրա: Արդյունքում՝ որքան էլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ վնասները հաղթահարելի են, այնուհանդերձ, շուկան կորցնում է իր ճկունությունը, գնողունակությունը, ՀՆԱ-ի աճն է կանխատեսվածից նվազում, շատ կարևոր գործոն է վառելիքի բորսայական գները, որ նույնպես իջնում են:

Գազպրոմի շահույթների կրճատման վրա ազդում է նաև  Ռոսնեֆտի հետ ոչ բացահայտ մրցակցությունը, որն ավելի շատ Միլլեր–Սեչին հակամարտությունն է: Մեր տեսանկյունից, սակայն, առավել հավանական է, որ Գազպրոմն ու Ռոսնեֆտը ոչ թե կմրցակցեն, ինչպես Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգում, այլ կլինեն Հայաստանում այդ համակարգի շահն առաջ մղող երկու գործիքները: Այսինքն, Ռուսաստանում մրցակցող Ռոսնեֆտն ու Գազպրոմը Հայաստանում համակարգված ձեւով կփորձեն իրականացնել տնտեսության ամբողջական էքսպանսիայի քաղաքականություն:

Շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք սանկցիաների արդյունքում Գազպրոմը կարող է դիմել մատակարարվող գազի սակագների փոփոխությանը: Դա քիչ հավանական է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ «Գազպրոմը» գումարներ է կորցնում իր գազը Հայաստանին ավելի էժան մատակարարելու արդյունքում, բայց հաշվարկները ցույց են տալիս, այդ կորուստը եւ «Գազպրոմ Արմենիա»-ի ստանալիք լրացուցիչ շահույթը գրեթե հավասար են: Այսինքն, վերջնահաշվարկով «Գազպրոմ»-ը, ըստ էության, չի տուժում, սակայն տուժում են հայաստանցիները: Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկման հետեւանքով խոշոր սպառողների վճարած այդ 20 միլիարդը այսպես թե այնպես՝ դրվել է այն ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքում, որ արտադրել են խոշոր սպառողները եւ որը ձեռք ենք բերել մենք` հայաստանցիներս:

Ստելլա Խաչատրյան