Կանադայի հայ համայնքը արշավ է սկսել Ադրբեջան կանադական զրահամեքենաների արտահանման թույլտվությունը չեղյալ համարելու նպատակով:

Համայնքի առաջնորդները ցանկանում են երկրի կառավարությանը համոզել չեղարկել գործարքը, հայտնում է CBC Canada-ն:

Արշավը սկսվել է, երբ Radio Canada International-ը եւ CBC-ն հուլիսին հայտնել են, որ INKAS Armored Vehicle Manufacturing-ը Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրել երկիր փոխադրամիջոցների մատակարարման մասին:

Կանադա-հայկական կոմիտեի քաղաքական հարցերով նախագահ Շահե Թանաչյանը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում հայտնել է հայ համայնքի մտահոգությունը: «Զենք տրամադրելու որոշումը մի երկրի, որը պարբերաբար սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, խախտում է այն բոլոր սկզբունքները, որոնց մենք, կանադացիները աջակցում ենք, եւ որոնք Կանադայի Միջազգային գործերի նախարարությունը ձգտում է աշխարհում առաջ մղել»,- նշված է նամակում:

Կանադայի Հայկական ազգային կոմիտեն (ANCC) դիմել է նաեւ խորհրդարանի ավելի քան 50 անդամների՝ խնդրելով փոխանցել այն տեղեկությունը, որ ամբողջ հայ-կանադական համայնքը «բացարձակապես ցնցված է»:

Կանադայի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Ադամ Օսթինը հայտարարել է, որ խորհրդարանում Կանադայի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Մեթ Դեքորսին առաջին հնարավորության դեպքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայաստանը Կանադայի մտերիմ բարեկամն է եւ դաշնակիցը»,- նշել է Օսթինը: «Մենք միջանձնային եւ էթնիկ ամուր հարաբերություններ ունենք, որոնք օգտակար են երկու երկրների համար: Մենք հպարտ ենք, որ սերտորեն համագործակցում ենք Կանադայի հայ համայնքի հետ, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության հետ»,- նշել է նա: