Ինչպես գիտենք, Երևան քաղաքում փողոցների և մայթերի մաքրման հետ կապված պարտադիր նորմերի կատարումը վերահսկում է «Սանիթեք» ընկերությունը:  «Սանիթեք» ՍՊԸ-ն 26 միլիոն եվրոյի ներդրում է իրականացրել Հայաստանում: Ընկերությունից հավաստիացնում են, որ այս տարվա ընթացում ավելացրել են մեքենաները, սարքավորումները եւ մարդկային ռեսուրսի հետ կապված բարելավումներ են կատարել: Սակայն, ինչպես երևում է, այդ ամենը չի հանգեցրել  ընկերության կողմից աղբահանության կազմակերպման աշխատանքների որակի բարելավմանը:

Ակնհայտ է, որ ամռան այս տապին «Սանիթեք»-ի կողմից աղբահանությունը չի կատարվում կամ թերի է կատարվում Երևանի մի շարք համայնքներում, այդ թվում նաև Կենտրոնում: Իհարկե, կարելի է հարց ուղղել ինչպես քաղաքապետարանին, այնպես էլ «Սանիթեք» ընկերությանը՝ ինչպե՞ս կարելի է 40 աստիճան շոգի պայմաններում այսչափ անպատասխանատու գտնվել: Ակնհայտ է, որ աղբի խնդրի լուծման գլոբալ ռազմավարություն չկա, սակայն կարելի է առնվազն պատշաճ կերպով կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

«Սանիթեք»-ի համար նորություն չէ, որ հատկապես ամառվա  այս տապին աղբի ծավալը բավականին շատ է ու աղբահանությունը պետք է իրականացվի ոչ տարվա մնացած օրերի հաճախականությամբ և գրաֆիկով:

Քաղաքապետարանը ունի մեղքի իր բաժինը, բայց, կարծես, այդ բաժինը չի տեսնում այստեղ: Սովորաբար, նման ահռելի աշխատանք վստահել ընկերությանը և չիմանալ նրա մարդկային և տեխնիկական հնարավորությունների մասին,  չուսումնասիրել կազմակերպությունը, կարո՞ղ է արդյոք այդ ընկերությունը իրականացնել այն՝ ինչը որ պարտավորվում է, անընդունելի է:

Մի՞թե հնարավոր չէր այդ գործառույթը վստահելուց և պայմանագիր կնքելուց առաջ ստուգել դրանք: Մի՞թե չկան չափորոշիչներ, թե մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի համար որքան աղբատար մեքենաներ և բանվորներ  են հարկավոր: 227 ք/կմ տարածք զբաղեցնող Երևանի համար: Բոլորս ենք հիշում, թե որքան աշխատակիցներ կրճատվեցին այն բանից հետո, երբ «Սանիթեք»-ին հանձնվեց քաղաքի մաքրման գործը՝ պատճառաբանելով, թե աշխատակիցների թիվը ուռճացված է՝ դրանով ոչ միայն գործազուրկ թողնելով մարդկանց, այլ նաև կասկածի տակ դնելով տարիներ շարունակ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սանմաքրման ձեռնարկության օբյեկտիվությունը:

Իսկ քաղաքապետարանը լուռ հետևում էր այդ պրոցեսներին, ծպտուն անգամ չէր հանում և չէր հորդորում ձեռք չտալ աշխատողներին:

Այժմ ունենք այն, ինչ ունենք:

 

Ստելլա Խաչատրյան