Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը:
Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում զգալիորեն խնայել վերջիններիս ժամանակը: Առցանց հերթագրումը միևնույն ժամանակ շատ պարզ է ու հեշտ:
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE հավելվածը (այն անվճար է), ընտրել «Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, այնուհետև նշել նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ: Նախընտրած ժամին այցելելով ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը:
Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել ծառայությունում:
Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու ծառայության գործառույթներն ընդհանրապես: