Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է անվանափոխել Երևանում գտնվող բոլշևիկների և ռուս կոմունիստների անունով դպրոցներն ու փողոցները:

Այս առաջարկը դարձավ լայն քննարկման առարկա, որին արձագանքեց նաև Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ պատմությունն այս կերպ սրբագրել պետք չէ, քանի որ ցանկացած գործչի վերաբերյալ էլ կարելի է գտնել նրան պախարակող մեկ-երկու արարք:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ազգային արխիվի տնօրենը, խոսելով այս նախաձեռնության մասին, նշեց, որ փողոցներ կամ դպրոցներ անվանափոխելու այս նախաձեռնությունն իր համար որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ձևական բնույթ կրող մի բան է. «Ասենք թե փոխեցին, ի՞նչ է դա մեզ տալու՝ ոչինչ. դե, եթե էդպես է, թող բոլոր փողոցներն էլ փոխեն, թող Մաշտոցի անունը կրող փողոցն էլ անվանափոխեն: Եթե այդ անվանափոխությունից մեր վիճակը կլավանա, կբարելավվի, ուրեմն եկեք փոխենք: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները հրապարակ են նետվում ժողովրդի ուշադրությունն ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար, իսկ թե ինչո՞ւ է հիմա այս նախագիծը հրապարակ նետվել, ի՞նչ են ցանկանում քողարկել՝ չեմ կարող ասել»:

Ամատունի Վիրաբյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց զայրույթը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամների ֆեյսբուքյան գրառումների հետ կապված՝ նշելով, որ անընդունելի է, երբ իրեն որակում են պատմություն չիմացող և պատմությունից բան չհասկացող՝ հաշվի չառնելով այն տարիքային տարբերությունն անգամ, որ գոյություն ունի. «Պատկերացնում եք՝ հիմա էլ համացանցով տարածում են, որ Ամատունի Վիրաբյանը պատմություն չգիտի: Թող շարունակեն մտածել, որ Վիրաբյանը պատմություն չգիտի, դա ինձ չի անհանգստացնում: Ինչ ասեմ, ասելու բան չունեմ, միայն կնշեմ, որ այս երիտասարդները դեռ շատ պետք է աղ ու հաց ուտեն, որ հասնեն այն մարդկանց, որոնց անունները տալիս են թեկուզ հենց Կասյանին: Իրենց այս մտածելակերպով իրենք ավելի վատն են, քան իրենց ժամանակին՝ կարիերիստ կոմսոսմոլիստները»,-նշեց Վիրաբյանը:  

Աղավնի Սուքիասյան