Աշխարհում ձևավորված մթնոլորտն ամենևին էլ բարենպաստ չէ ու եթե հավատալու լինենք  միջազգային փորձագետներին, ապա ստիպված ենք լինելու համակերպվել այն մտքի հետ, որ նման իրավիճակը գոնե տեսանելի ապագայում ևս շարունակվելու է՝ այդ ամենի՝ Հայատանի համար ունեցած բոլոր հետևանքներով հանդերձ: Պետք է նկատել, որ այս գերլարված իրավիճակը մեր երկրի համար հղի է ոչ միայն զուտ աշխարհաքաղաքկան բացասական հնարավոր հետևանքներով, այլև, որ ոչ պակաս էական է, տնտեսական. ԱՄՆ կողմից ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք, պետք է նկատել, բավական ընդգրկուն բնույթ են կրում, սպառնում են լրջագույն խոչընդոտներ հարուցել Հայաստանի տնտեսության առջև: Ի դեպ՝ ավելորդ չէ նկատել, որ նման վտանգի առջև է հայտնվել ոչ միայն  Հայաստանն, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրները, որոնց տնտեսությունը նույնպես այսպես թե այնպես՝ կախված է ՌԴ-ից:

Որքան էլ կարող է ներկայում տարօրինակ հնչել, բայց պետք է նկատել, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք միտված են ՌԴ-ի ու այդ երկրի մունետիկները համարվող երկրների թուլացմանը, կարող են և ինչ-որ իմաստով հակառակ ազդեցություն ունենալ. չմոռանանք, որ ՌԴ-ն առնվազն ռեսուրսների տեսանկյունից՝ աշխարհի գերհարուստ երկրների թվին է պատկանում, ինչը հնարավորություն է ընձեռում այդ երկրին՝ գնալու ինքնաբավության ճանապարհով: Ակնհայտ է, որ եթե նույն ԵՏՄ-ն՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մի փոքր ավելի կազմակերպված դուրս գա, խելացի ու նպատակասլաց, ապա կարճ ժամանակ կպահանջվի Արևմուտքից տնտեսական  կախվածությունը եթե ոչ լիովին չեզոքացնելու, ապա գոնե այն էապես մեղմելու համար, ու եթե Հայաստանն էլ իր հերթին բավարար չափով խելացի գտնվի, ապա հաշվի առնելով մեր երկրի իրական հնարավորությունները, որոնք ներկա փուլում մի տեսակ անտեսված են մնում, Հայաստանի համար զարգացման նոր հեռանկարներ կարող են բացվել (ճիշտ է՝ նավթ ու գազ չունենք, բայց ունենք մի շարք կարևոր հումքատեսակներ, ու եթե մեզ հաջողվի ունեցածի հիմքի վրա արտադրություն զարգացնել ու գտնել սպառման շուկաներ, ապա տնտեսությունը գոնե որոշակիորեն ոտքի կանգնեցնելն այնքան էլ դժվար չի լինի):

Այն, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունն իր լավագույն ժամանակները չէ, որ ապրում է, բոլորովին էլ նորություն չէ. չգիտես՝ պարզ զուգադիպություն է, թե օրինաչափություն, սակայն փաստը մնում է փաստ, որ ԵՏՄ անդամակցությունը մեր երկրի վրա տնտեսական իմաստով այնքան էլ էժան չնստեց. բավական է, ասենք, ուշադրություն դարձնել որոշ թվերի, որպեսզի հասկանալի դառնա՝ Հայաստանը ԵՏՄ-ին իր անդամակցությամբ ի սկզբանե փորձում էր լուծել սեփական անվտանգությանն առնչվող հարցեր և վերջ, ու տնտեսությունն այստեղ այնքան էլ կապ չուներ: Բավական է մեջբերել որոշակի ցուցանիշներ, որպեսզի պարզ դառնա, որ ԵՏՄ անդամակցության հետ կապված խոստումները, մեղմ ասած, հեռու էին իրականությունից հենց սկզբից: Դիցուք՝ 2014թ. ՀՀ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կազմել է 11.644 մլրդ դոլար` աճելով 3.5%-ով, իսկ մեկ քաղաքացուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3.864 դոլար, ապա արդեն 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 2.9%: Նմանատիպ ցուցանիշները, թերևս, լավագույնս են արտահայտում տարիներ շարունակ ստեղծված իրավիճակը: Ու չնայած  այժմ գոնե որոշակի աճ նկատվում է (եթե  անցյալ տարի ՀՀ-ն 3.2 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել, արտահանել 1.8 միլիարդի, ապա 2017-ի առաջին կեսի տվյալներով՝ մենք արդեն 990 մլն դոլարի ապրանք ենք արտահանել), սակայն անվիճելի է, որ  այս թվերը հեռու են մեր ունեցած ակնկալիքներից:

Ակնհայտ է, որ քանի դեռ մեզ չի հաջողվել ներմուծումը գոնե ինչ-որ չափով փոխարինել ներքին արտադրությամբ, իրավիճակը Հայաստանում չի փոխվելու. եթե չունես արտադրություն, չունես տնտեսություն: Եվ ահա այս իրավիճակի ճեղքման առումով է, որ Արևմուտքի պատժամիջոցները կարող են նշանակություն ունենալ, ու եթե ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները բավական կամք ցուցաբերեն ու խելքը գլխին ծրագիր մշակեն, ապա  գոնե ապագայում կարելի կլինի ճեղքում գրանցել, ու գլխավորապես ներմուծմամբ ապրող երկրներից ԵՏՄ անդամ երկրները կարող են և վերածվել արտահանող երկրների: Ի դեպ՝ ՌԴ ղեկավարության ներկայիս կեցվածքը հուշում է, որ Պուտինը նպատակամիտված է գնալու հենց ինքնաբավության ճանապարհով, ինչի համար ՌԴ-ն ունի բոլոր նախապայմանները. մնում է հրաժարվել դոլարից:

Իսկ Հայաստա՞նը, ո՞րն է լինելու մեր երկրի դերն ու նշանակությունն այս ամենում: Ահա հենց այստեղ է, որ կարիք է լինելու այն անհրաժեշտ քաղաքկան կամքի, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի «սայլը տեղից շարժել»: Խնդիրն էլ, սակայն, այն է, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների նրբերանգները ու եվրոպացիների՝Հայաստանի ղեկավարությունից ունեցած ակնկալիքներն ու նրանց պատրաստակամությունն՝ ամեն րոպե օգտագործելու արցախյան խաղաքարտը Հայաստանին «խելքի բերելու» համար, ընտրության քիչ հնարավորություն  է թողնում Երևանին:Աներկբա է, որ Արևմուտքն անելու է ամեն ինչ՝ խաթարելու այն սցենարը, որի մասին վերևում խոսք գնաց ու որին էլ խոշոր հաշվով գնում է Մոսկվան՝ ԵՏՄ-ից ստանալ լիարժեք ու անկախ աշխարհաքաղաքական բևեռ՝ ի հակակշիռ ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցների: Ակնհայտ է  նաև, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներից՝ ամենախոցելին հենց Հայաստանն է հանդիսանում, քանի որ ի տարբերություն մյուսների, հենց մեր երկիրն  է, որ ունի անվտանգության անլուծելի թվացող խնդիր: Խնդիր, որ վաղուց մահակի է վերածվել գերտերությունների ձեռքին:

Այս իրավիճակում, նկատենք, ՀՀ ղեկավարության ընտրությունն այնքան էլ մեծ չի լինելու՝ հատկապես հաշվի առնելով ներքաղաքական խնդիրները: Առնվազն այս փուլում անտեսել Արևմուտքին՝ մենք մեծագույն ցանկության դեպքում անգամ չենք կարող, ինչը նշանակելու է մեկ բան. ստեղծված իրավիճակից ամենաշատ տուժող կողմ դառնալու է կրկին Հայաստանը, որ շարուրնակելու  է  մնալ երկատված՝ Արևմուտքի ու Հյուսիսի միջև՝ լիարժեքորեն չօգտագործելով ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի պոտենցիալը. ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞...
    
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ