Աշունը սարերի հետևում չէ, իսկ սա նշանակում է, որ շուտով աշխարհն ընդհանրապես ու Հայաստանը՝ մասնավորապես, մի քանի օր անց թևակոխելու են քաղաքական զարգացումների մի նոր, առավել ակտիվ փուլ: Ասվածը, ինչ խոսք, վերաբերում է նաև Արցախին, որի շուրջ եռացող կրքերն, ինչպես հայտնի է, երբեք չեն դադարում. այժմ տպավորություն է ՝ասես  համաշխարհային հանրությունը փորձում է  ամեն կերպ զսպել Ալիևին:

Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Trend-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, թե համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար հակամարտության կողմերի հետ աշխատելուն:

Սրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունները ևս, պետք է ասել, ոչ պակաս խոսուն էին ու վկայում էին Մոսկվայի՝ Անդկովկասում խաղաղություն պահպանելուն միտված ջանքերի մասին. դրանք հստակ ուղերձներ էին իրենց մեջ պարունակում ուղղված Ալիևին՝ զսպելու վերջինիս ախորժակն ու ձեռնպահ մնալու սին հույսեր փայփայելու անհեռանկարային պրակտիկայից: Մոսկվայում ադրբեջանամետ քաղաքագետ Օլեգ Կուզնեցովին  հետաքննության կանչելը՝ կապված նրա հեղինակած գրքում հայերին «վտանգավոր ժողովուրդ» անվանելու հետ, ադրբեջանցի Միրտագի Ագաևին Ռուսաստանում դատելու փաստը (մեղադրվում է ԻԼԻՊ-ին աջակցելու մեջ), Պուտինի՝ Աբխազիա կատարած այցը, որն ակնհայտորեն ռուսական տարածաշրջանային գերիշխանության մասին վկայող իրողություն էր՝ լի տարածաշրջանի երկրներին ու Արևմուտքին ուղղված մեսիջներով, Չինաստանի ու Իսրայելի ակտիվացումն Անդրկովկասում և այլն, հուշում են, որ տեսանելի ապագայում Արցախում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը զրոյական է: Ի դեպ՝ նկատենք, որ Ադրբեջանի թիկունքը համարվող Թուրքիան ևս կարծես առանձնակի ակտիվություն չի դրսևորում այս հարցում վերջին շրջանում ու փորձում է Ռուսաստանի հետ վեճի չբռնվել: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղից հնչող հայտարարությունները, պետք է նկատել, բավական համարձակ են, ու հաճախ կարելի է տեսնել համապատասխան հայ պաշտոնյաների, որոնք պատերազմի դեպքում սպառնում են Ադրբեջանին, ասենք, ընդլայնել անվտանգության գոտին: Մի խոսքով՝ առնվազն տեսանելի ապագայում պատերազմի մասին անգամ խոսք լինել  չի կարող:

Հարց կարող է առաջանալ, սակայն, ինչո՞ւմն է կայանում պատերազմի փաստացի չեղարկման հանելուկը: Խնդիրն իրականում Անդրկովկասում ներկա արտաքին ուժերի միջև գոյություն ունեցող պայմանավորվածություններն են. ՌԴ համաձայնությամբ Իսրայելի մուտքն Անդրկովկաս, նույն Մոսկվայի համաձայնությամբ՝ Չինաստանի ակտիվացումն այստեղ, Արևմուտքի՝ Արցախյան հակամարտության հարցում սեփական ազդեցության մեծացումն ու ՌԴ հետ ակնհայտ ռազմական առճակատման գնալու ցանկության բացակայությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված  իրավիճակն՝ առայժմ աշխարհի գերհզորների օրակարգից կարծես դուրս են մղել պատերազմի հարցն՝ Ալիևին թողնելով միայնակ՝ սեփական մտքերի հետ:

Իսկ սա նշանակում է, որ Հայաստանն ունի իր համար այնքան կարևոր այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է ոչ միայն սեփական անվտանգությունն է՛լ ավելի ամրապնդելու, այլև ներքին հարցերը լուծելու համար. Երևանն ուղղակի պարտավոր է անել ամեն բան՝ տնտեսությունը զարգացնելու, երկիրը կարգի բերելու համար. խաղաղության միակ երաշխիքը հզոր Հայաստանն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ