Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին. 24-ամյա երիտասարդի ավտոմեքենայի վրա կրակել են, ապա փայտով և մետաղյա ձողով վնասել ավտոմեքենան, այդ ամենից հետո էլ մի խումբ տղաներ նրան ծեծի են ենթարկել, որից հետո նրան նստեցրել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մեջ ու տեղափոխել Ավանում գտնվող մի սրճարան, որտեղ ևս նրան ծեծել են:

Երիտասարդը, ստացած վնասվածքներով, գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերքեր:

Նշված օրը երիտասարդի ծննդյան օրն է եղել, և նա այդ օրն իր ընկերուհու հետ Ծաղկաձորում նշելուց հետո վերադառնալիս է եղել, նրանց հետևել են մի խումբ տղաներ, և հենց ճանապարհին կրակել են ավտոմեքենայի վրա, ապա՝ դաժան ծեծի ենթարկել նրան:

 

Աղբյուր` Փաստինֆո