Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում պատանդներ էր վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, բանկերին եւ ֆիզիկական անձանց ավելի քան 10 միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

«Իր ծրագրերի իրականացման շրջանակներում Պետրոսյանը փոխառու է դարձել մի քանի խոշոր բանկերում, ինչպիսիք են Սբերբանկը եւ ՎՏԲ 24-ը, որտեղ նրա փոխառության գումարը կազմում է ավելի քան 5 միլիոն ռուբլի: Նա նաեւ նույն գումարով վարկեր է վերցրել ֆիզիկական անձանցից՝ այդ կերպ պարտք վերցնելով ավելի քան 10 միլիոն ռուբլի»,- ասել է դատապաշտպանը:

Նա հավելել է, որ ավելի վաղ Մոսկվայի մարզի Մոժայսկի քաղաքային դատարանը Պետրոսյանի կողմից վարկային պայմանագրով հանձնառությունների չկատարման պատճառով բավարարել է Սբերբանկի հայցը:

Մալցեւը հիշեցրել է, որ «Սիթիբանկի» բաժանմունքում իր գործողությամբ Պետրոսյանը ցանկացել է պաշտոյաների եւ ՌԴ նախագահի ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում սնանկացման հիմնախնդրի վրա:

«Նա մշակել էր ֆիզիկական եւ իրավական անձանց ռեաբիլիտացիայի նախագիծ, որոնց, ինչպես եւ իր առջեւ ծառացել է սնանկացման հիմնախնդիրը, բայց իրեն ոչ ոք չի լսել»,- նշել է նա:

«Դա էլ Պետրոսյանին հրահրել է պատանդառության»,- եզրափակել է իրավաբանը:

Արամ Պետրոսյանն օգոստոսի 16-ին Մոսկվայի շրջանային դատարանում հայտարարել է, որ մասամբ է իրեն մեղավոր համարում: Նա ասել է, թե ինքը զղջում է կատարած հանցագործության համար:

«Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,- նշել է գործարարը:

Մոսկվայի 56-ամյա բնակիչ Պետրոսյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն) եւ 206-րդ հոդվածի երկրորդ մասով (պատանդառություն): Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ է եւ գիտակցել է իր գործողությունների բնույթը:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ է արձակել պատանդներին ու հանձնվել:

Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»: