ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում բյուջետային նոր ավիաընկերությունների հետ՝ չվերթեր կազմակերպելու նպատակով:  «Բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն փակագծերը չեմ կարող դեռևս բացել, անուններ տալ: Բանակցությունները շարունակվում են և այս փուլում կարևոր է լռություն պահպանելը, երբ պահը գա, անպայման կտեղեկացնենք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:  

Նրա խոսքով, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից այժմ հաջողությամբ չվերթեր են կազմակերպում բյուջետային ռուսական «Պոբեդա» և հայկական «Տարոն ավիա» ընկերությունները: «Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ունենք ամենօրյա չվերթեր, անգամ օրական 2-3 անգամյա: Այս օդանավակայանն առաջ է գնում, որտեղ ունենք հայկական բազավորված ընկերություն, ինչը խոսում է շուկայի դինամիկ աճի մասին»,- ընդգծեց Ավետիսյանը:   

Միաժամանակ, նա նշեց, որ նոր տեղական ավիաընկերության հայտ դեռևս չի ստացվել: «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր և չարտերային չվերթեր՝ ավելացնելով դրանց քանակը: Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա»-ի  համար արդեն իսկ «Զվարթնոց» օդանավակայանում  գործում է գնային ճկուն քաղաքականություն, քանի որ նա բազավորված ավիաընկերություն է: Միաժամանակ, Ավետիսյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բաց երկնքի քաղաքականությամբ հրաժարվել է տեղական ավիաընկերությունների համար ջերմոցային պայմանների ապահովումից և գնում է շուկայի թելադրանքով: