Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմանի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմանի ինստիտուտին դեմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող ՄԻՊ-ի կառույցը, այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախագծին ծանոթ չէ, սակայն նշեց, որ եթե լինի նոր բիզնես-օմբուդսման, նախ հարկավոր է հասկանալ՝ արդյոք նրան էլ է ընտրելու խորհրդարանը, թե՞ նշանակվելու է գործադիրի կողմից. «Ես կողմ չեմ, որ լինի նոր պառլամենտական օմբուդսման, որը զբաղվելու է ոչ միայն երկխոսությամբ, այլև լինելու է բիզնես-օմբուդսման: Եթե լինի, ապա պետք է լինի գործադիրի կողմից նշանակվող: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կա մի քանի օմբուդսման, որոնք նշանակված են գործադիրի կողմից: Այս առումով, այնտեղ ոչ մի հակասություն չկա, որովհետև խորհրդարանական օմբուդսմանն ընտրվում է խորհրդարանի կողմից»:

ՄԻՊ Արման Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում: 

Անդրադառնալով ներկայիս ՄԻՊ-ի տեսակետին, Ալավերդյանը նշեց, որ ներկայիս ՄԻՊ-ը գուցե տեսել է նախագիծը և դրանով է պայմանավորված նրա դեմ լինելը. «Նա հմուտ իրավաբան է և գուցե իր ձեռքի տակ ունի նյութը, որի հիման վրա էլ նման տեսակետ է արտահայտել»

Սոնա Հարությունյան