Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Լենդրուշ Նազլուխանյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ 2012 թվականի հոկտեմբերի 24-ի դատավճռով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծառայակցին սպանելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման համար մեղավոր է ճանաչել Լենդրուշ Նազլուխանյանին ու դատապարտել:

Ըստ դատավճռի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 8-ը ավագ հրաձիգ, շարքային Լենդրուշ Նազլուխանյանը ընդգրկվել է մարտական հերթապահության մեջ: Սեպտեմբերի 7-ին, ըստ սահմանված գրաֆիկի, առավոտյան ժամը 5-ին դիտորդի պարտականությունները ստանձնելու ընթացքում նա նկատել է, որ դիրքի առույգ հերթափոխն ստանձնող, նույն ջոկի զինծառայող, շարքային Հայկ Մկրտչյանը քնած է գետնատնակի դիմացի հարթակում:

Արթնացրել ու նախատել է նրան:

Որոշ ժամանակ անց հայտարարել է, թե առաջնային գծից ձայն է լսել: Ինքնաձիգը լիցքավորել է ու շարքային Խուրշուդյանի հետ գնացել դիրքի առաջնային գիծ՝ ստուգելու:

Ժամը 6-ին դիրք վերադառնալով՝ չի լիցքաթափել ինքնաձիգը, որը դրված է եղել «կրակահերթ» դիրքի: Նա քնելու կապակցությամբ կրկին դիտողություն է արել Հայկ Մկրտչյանին, ապա «խլեշի» հայհոյանք տվել դիրքում քնողի հասցեին:

Մկրտչյանը վիրավորվել է, հակադարձել հայհոյանքը: Նազլուխանյանը լիցքավորված ու «կարկահերթի» դիրքի դրված զենքը պահել է Մկրտչյանի ուղղությամբ, հայհոյանքի պատճառով վրեժխնդիր լինելու ցանկությամբ ու, ըստ դատավճռի, սպանելու դիտավորությամբ կրակահերթ արձակել:

Կրակոցներից երեքը դիպել են Մկրտչյանին: Նա փորձել է փախչել և խույս տալ կրակոցներից, բայց Նազլուխանյանը շարունակել է կրակել նրա ուղղությամբ:

Շարքային Հայկ Մկրտչյանը ստացած վնասվածքներից մահացել է: Իսկ շարքային Խուրշուդյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է թեթև վնաս. նա ստացել է բեկորային վնասվածքներ:

Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններում Լենդրուշ Նազլուխանյանը պնդել է, թե Մկրտչյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, ոտքը սայթաքել է, պատահաբար կրակահերթ է արձակվել, ու Հայկ Մկրտչյանը սպանվել է անզգուշության հետևանքով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Լենդրուշ Նազլուխանյանին ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը, բողոքարկելով դատավճիռը, խնդրել էր արդարացնել Նազլուխանյանին ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ մեղմացնել պատիժը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Նազլուխանյանը միակողմանի ծնողազուրկ է, ձեռք է բերել մի շարք հիվանդություններ:

Նախորդ դատական նիստին դատարանը բավարարեց պաշտպան Ոսկանյանի միջնորդությունը, ժամանակ տրամադրեց, որ տեղեկանք ներկայացվի Նազլուխանյանի առողջական վիճակի վերաբերյալ:

Երեկ տեղեկանքը ներկայացվեց:

Սակայն դա բավարար չեղավ, որ Լենդրուշ Նազլուխանյանի վերաբերյալ կայացված դատավճիռը գոնե պատժի մասով փոփոխվի ու մեղմացվի:

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատված գնահատեց ամբաստանյալի մեղքը առաջադրված մեղադրանքներով, իսկ սահմանված 18 տարի ազատազրկումը համաչափ պատիժ համարեց կատարած արարքների համար:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ: