Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանային համալիրում անցկացվող «Ուսանողական ամառ  2017» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Պատգամավոր Կարեն Ավագյանը, ով նույնպես ներկա էր, իր ՖԲ էջում գրառում է կատարել, նշելով, որ հանդիպումը անցել է ջերմ և անկաշկանդ մթնոլորտում: Ի տարբերություն մյուս ներկաների, տպավորություն է, որ փոխվարչապետը  մարզամշակութային փառատոնի էր ներկայացել այնպես, կարծես թե դա ոչ թե ուսանողական հավաք է , այլ կառավարության արտագնա նիստ:

Չենք ստի, եթե ասենք, որ միայն Հայաստանում կարելի է տեսնել նման պատկեր՝ պետական պաշտոնյան երիտասարդների հետ հանդիպման է գնում կոստյում-փողկապով, կարծես չկարողանալով դուրս գալ իր ամպլուայից: Ընդ որում սա բնորոշ է ողջ հայկական իսթեբլիշմենթին: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի և բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Ի տարբերություն այլ երկների, որտեղ պաշտոնյան մտնելով ժողովրդի մեջ, ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ ինքը իրենցից մեկն է, յուրային է, տվյալ արժեհամակարգի կրող է, մեր իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել կուսակցության կամ կառավարության որևէ ներկայացուցչի` առանց թանկարժեք կոստյումի և փողկապի և առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի՝ անգամ եթե եկել են խարույկի շուրջ երիտասարդների հետ հավաքվելու, ջերմ և անմիջական միջավայրում շփվելու համար: Նույնիսկ այդ անկաշկանդ մթնոլորտում  կուսակցությունների «պառավ թևերը» չեն կարող իրար «բզբզել» ու ձերբազատվել կոմսոմոլին բնորոշ մտածելակերպից. Իսկ պատճառը թերևս նրանում է, որ որոշ մարդկանց, առանձնապես` պաշտոնյաների մոտ, թյուրըմբռնում կա, թե փողկապավոր լինելը վերացնում է իրենց ինտելեկտուալ սնանկության սահմանը և բարձրացնում կշիռը: Այստեղ է, որ ուզում ես մեր պաշտոնյաներին հայտնի հարցը ուղղել՝ կոստյո՞ւմն է որ ձեզ պիտի գեղեցկացնի….

 

Ստելլա Խաչատրյան