ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջոն Մակքեյն» հրթիռային էսկադրային ականակիրը Մալակկայի նեղուցի շրջանում բախվել է լիբերիական դրոշի ներքո ընթացող նավթատար լցանավի: Օգոստոսի 20-ին այս մասին հաղորդել է The New York Times-ը: Բախման հետեւանքով հինգ նավաստիներ տուժել են, եւս 10-ը համարվում են կորած: Առկա տեղեկատվությամբ՝ վնասվել է նավի խելային մասը: Այժմ էսկադրային ականակիրն իր ընթացքով շարժվում է դեպի Սինգապուրի նավահանգիստ: «Ջոն Մակքեյնն» Առլի Բերք տիպի էսկադրային ականակիր է: Կառուցվել է Bath Iron Works նավաշինարանում, գրանցված է Ճապոնիայի Յոկոսուկայի ծովային կայանում: Նավը ջրարկվել է 1992 թվականին, շահագործման է հանձնվել 1999 թվականին: Նավն անվանվել է ԱՄՆ-ի նավատորմի ծովակալներ Ջոն Ս. Մակքեյն Կրտսերի եւ Ջոն Ս. Մակքեյն Ավագի պատվին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 20-ին «շատ վատ» է համարել «Ջոն Մակքեյն» էսկադրային ականակրի հետ պատահած միջադեպը: «Դա շատ վատ է»,- ասել է նա լրագրողներին՝ արձակուրդից հետո Սպիտակ տուն ժամանելուց հետո: