ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՝ հազարից ավելի երկրապահներ այս պահին Արցախում են և շարունակում են իրենց ուխտագնացությունը: Երեկ՝ օգստոսի 20-ին, Մանվել Գրիգորյանն այցելեց սահմանամերձ զորամասեր և մարտական դիրքեր:

Գեներալի գլխավորությամբ ծաղկադրում արվեց Արալեռում գտնվող տարբեր հուշարձանների մոտ:

Առանձին ու ուշագրավ պատմություն ունի Արալեռի զորամասում տեղադրված խաչքարը:

Ժամանակին այս խաչքարը հենց հրամանատար Մանվել Գրիգորյանն էր նվիրել զորամասին: Նախորդ տարվա Ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի արկակոծումից խաչքարը վնասվել էր: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլև դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակը:

Այսօր արդեն երկրապահ ուխտագնացները Մարտակերտում էին, որտեղ նրանց դիմավորեցին մեծ ոգևորութամբ և ուրախությամբ: Ուխտագնացները ծաղիկներ դրեցին Մարտակերտ քաղաքի, Մեծ Շենի, Կոճողոտի, Դրմբոնի, Մաղավուզի, այլ տարածքների բոլոր հուշարձանների մոտ: Մեծ Շենում, Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եկեղեցում, նաև հոգեւոր կարգ մատուցվեց՝ ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ:

Մարտակերտի վարչակազմի ղեկավար, գեներալ Վլադիկ Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով Երկրապահի դերի և նշանակության մասին, ասաց՝ ոչ միայն պատերազմով անցածներն են եկել Արցախ, այլև երիտասարդ սերունդը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք իրենց ավագ սերնդի հետքերով են գնում:

Իսկ առհասարակ խոսելով սահմանային իրավիճակի, Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտի զարգացման մասին, վարչակազմի ղեկավարը նշեց՝ շարժվում են ծրագրերով: «Այս պահի դրությամբ՝ Թալիշում 18 բնակարան կապիտալ վերանորոգված է, գյուղապետարանի և հանդիսությունների սրահը՝ գրեթե պատրաստ: Ծրագրերը շարունակվում են»,- եզրափակեց նա:

Երկրապահ ուխտագնացներին ուղեկցող մշակութային խմբերն այսօր համերգային ծրագրեր նվիրեցին Մարտակերտի և Ասկերանի բնակչությանն ու զորամասերին: Վաղը երկրապահ ուխտագնացներին սպասում են Հադրութի և Մարտունու բնակիչներն ու իշխանությունները:

Քրիստինա Աղալարյան, Արցախ