Անկասկած, ներկայիս Հայաստանի Հանրապետության տնտեսական ծանրագույն վիճակի հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, փոքր ու միջին ձեռնարկատիրության լիարժեք չկայացվածության իրողությունն է. այսօր, առանց չափազանցության, ամենաանպաշտպան վիճակում գտնվող ձեռներեցները հենց մանր ու միջին բիզնեսով զբաղվողներն են (հատկապես վատ է փոքր բիզնեսի վիճակը, որի զարգացման համար պետությունն այսքան ժամանակ որևիցե էական քայլ չի կատարել):

Վարչապետ Կարապետյանն անցկացրել էր ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին պետություն-մասնավոր հատված հարաբերություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր. հատկապես քննարկման առարկա էր դարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, որը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Իհարկե, միանգամայն ուրախալի է, որ Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է հայտնվել այս չարչրկված խնդիրը, սակայն հարցի ողջ բարդությունն էլ կայանում է հենց այն բանում, որ որևիցե քննարկում կամ խորհրդակցություն, ինչպես կյանքն է ցույց տալիս, չի երաշխավորում խնդիրների լուծումը: Եթե ուշադրությամբ հետահայացք գցենք, ապա հեշտությամբ կնկատենք,որ նմանատիպ խորհրդակցություններ այս տարիների ընթացքում որքան ասես եղել են ,որոնք, սակայն, իրավիճակի սկզբունքային փոփոխության չեն հանգեցրել:

Եթե փորձենք համառոտակիորեն ի մի բերել ներկայում ստեղծված իրավիճակն, ապա ցավով պետք է նկատենք, որ իրականում՝ պետություն-մասնավոր հատված հարաբերություններն իրենց մեջ երկու` միմյանց հակադիր շերտեր են պարունակում. մի բան է, ասենք, պետություն-խոշոր բիզնես հարաբերությունները, և բոլորովին այլ բան՝ նույն ՓՄՁ-ների պարագայում՝ այդ հարաբերությունների` մեղմ ասած` ոչ կառուցողական բնույթը, ու եթե նույն խոշոր բիզնեսի հատվածը, մանավանդ նրանք, ովքեր սերտ կապերի մեջ են գտնվում ազդեցիկ դեմքերի հետ, առանձնապես բողոքելու քիչ բան ունեն նույն պետությունից, ապա նրանք, ովքեր զուրկ են «կռիշ» ունենալու երջանկությունից, կարճ ժամանակի ընթացքում ուղղակի խեղդվում են. միայն հարկատեսակների բազմաքանակությունը բավարար է, որպեսզի մանր ու միջին ձեռնարկատերերը հրաժարվեն բիզնես ծավալելու մտքից (շուտով, օրինակ, 2018-ի հունվարի 1-ից՝ ուժի մեջ է մտնելու Հարկային օրենսգրքի այն դրույթը, որի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները պետք է 5% հարկ վճարեն իրենց շահաբաժիններից։ Այսինքն` շրջանառության հարկ վճարող, ընտանեկան ձեռնարկատիրության ռեժիմում և արտոնագրային վճարների ռեժիմում գործող ՍՊԸ-ների հիմնադիրները, բացի իրենց շրջանառության հարկից, արտոնագրային վճարներից՝ վճարելու են ևս 5% շահաբաժնի հարկ: Նկատենք, որ շահաբաժինները հարկելու դրույթը դեռ Հարկային օրենսգրքի նախագծի ներկայացման ժամանակ էր բուռն քննարկումների առարկա դարձել։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հարցը քննարկվում էր հիմնականում միայն խոշոր բիզնեսի և ներդրողների շահերի տեսանկյունից):

Կարճ ասած` մի կողմից թվում է` պետությունը կամ Կառավարությունը ջանք չի խնայում` հնարավորինս կառուցողական դարձնելու իր հարաբերությունները ՓՄՁ-ների հետ, մյուս կողմից, սակայն, պրակտիկորեն տեղի է ունենում ճիշտ հակառակը: Այնինչ, չմոռանանք,որ պետություն-մասնավոր հատված երկխոսությունն ամենակարևոր բաղադրիչն է պետական շինարարության հարցում: Ցավոք, հաճախ ընդունում ենք օրենքներ, դնում կիրառության մեջ, որոնց պատճառով բիզնեսը սկսում է նույնիսկ ընդվզել: Ու նույնիսկ այստեղ, այս պարագյում էլ չի երաշխավորվում նրանց իրավունքենրի վերականգնումը, քանի որ՝ դիցուք՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իբր կոչված են իրականացնել կապող օղակի դեր, հաճախ ձևական բնույթ են կրում: Այսպիսով` փոքր ու միջին բիզնեսի ձայնը մնում է անլսելի, ինչն, իհարկե, կրում է բացառապես սուբյեկտիվ բնույթ, ու դժվար չէ գլխի ընկնել, որ նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է լուծեն խնդիրներն, իրականում չեն լուծում դրանք ոչ թե դրանցից տեղյակ չլինելու պատճառով, այլ, ըստ էության, հետապնդելով կոնկրետ սուբյեկտիվ նպատակներ:

Թե ինչ պետք է արվի խնդրի լուծումը գտնելու համար, այնքան էլ դժվար չէ մատնանշել: Եթե մեկ խոսքով փորձենք ձևակերպել, ապա պետք է ընդամենը համապատասխան քաղաքական կամք` արհեստական խոչընդոտներ չստեղծելու նրանց դեմ, ովքեր փորձում են կայանալ հայրենիքում: Ի՞նչ բազմամիլիարդ ներդրումների մասին կարելի է խոսել մի պարագայում, երբ քաղաքացիդ չի կարողանում ազատ շնչել. իրավիճակը շտկելու համար նույնիսկ ներկայիս թերի գործիքակազմերն էլ բավարար են. խնդիրն ընդամենը բարի ցանկության մեջ է կայանում:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ