Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, առանձնացնել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում նորերով փոխարինվել են մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչի հետ կապված հանձնարարվել է ՀՀ պետական դրոշներով ապահովել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մասնավոր հանրակրթական և արտադպրոցական հաստատությունները:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն: 

Հաշվի առնելով սեպտեմբերի առաջին օրերին տրանսպորտի հատկապես ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու և քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով: