«Փողոցների անվանափոխությունը մեր նախընտրական ծրագրային դրույթներից էր: Մենք ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված են այն անձանց անունով, որոնց գործունեությունը եղել է ի վնաս հայ ազգի ու պետականության: Այս հարցի հետ կապված քննադատություններին ի պատասխան՝ ցանկանում եմ նշել, որ մենք, բացի այս հարցից, առաջ ենք քաշել նաև տրանսպորտի հիմնախնդիրն ու այլ առավել կարևոր հարցեր, բայց այն, որ այս նախագիծը դարձավ ամենաաղմկահարույցը, ապացուցում է, որ այն առավել կարևոր է»,-այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Խոսելով տրանսպորտի համար նախատեսվող միասնական մեկ տոմսի մասին՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ այս պահին տեղի են ունենում ուսումնասիրություններ և միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ տարվում է աշխատանք, որպեսզի համակարգն անցնի մեկ օպերատորի և այստեղ կարևոր է, որ երկու Ա կետից Բ կետ հասնելու համար երկու տրասնպորտից օգտվող քաղաքացու համար հաշվարկվի մեկ տոմսի արժեք և նա ստիպված չլինի կրկնակի վճարել Ա տեղից Բ կետ հասնելու համար:
Ասուլիսի մասնակից, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով խմբակցության գործունեությանը նշեց, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում խմբակցությունը 120 հարցում, դիմում-բողոք և միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ կապված քաղաքացիներին անհանգստացնող տարբեր խնդիրների հետ, որոնցից մեկն էլ, օրինակ, զվարճանքի կենտրոններում կամ այլ վայրերում հնչող բարձր երաժշտության հարցն է, ինչն անհանգստություն է պատճառում երևանցիներին. «Այս խնդիրն ունի օրենսդրական կարգավորման խնդիր և այն զվարճանքի, ավտոլվացման կենտրոնները, որտեղից մշտապես հնչում է բարձր երաժշտություն կամ դրանք աղմուկ են առաջացնում, պետք է սահմանափակեն իրենց գործունեությունը, իսկ դրա համար օրենքում է պետք փոփոխություն կատարել»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի