ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ նախարարը:

«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է: Որևէ գործողություն կամ հրաժարական պաշտոնից հեռանալու մասին՝ քաղաքան գործընթաց է ենթադրում: Որպես քաղաքական պաշտոն, այն զբաղեցնում եմ ՀՅԴ կուսակցության և ՀՀ նախագահի որոշումների հիման վրա և բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում»,-ասաց նա:

Մինասյանը նշեց, որ ինքը չի կարող հրաժարական տալ նախ այն պատճառով, որ չկա որևէ գործողություն կամ անգործության դրսևորում նախարարության կողմից, որը պատճառ կհանդիսանա դրա համար, և երկրորդ՝ տեսնում է վճռականություն՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, որպեսզի նվազագույնի հասցվի կամ բացառվի նման աղետների առաջացումը:

Նա ընդգծեց նաև՝ այսօր քննարկումներ են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. «Հիմա այս վիճակի վերլուծությունն ու առաջարկվող մոտեցումները պետք է ներկայացնենք: Ես վճռական եմ տրամադրված ռեֆորմներ իրականացնելու հարցում»

Նախարարը հերքեց տարածված խոսակցություններն այն մասին, որ Խոսրովի անտառի հրդեհը դիտավորյալ է կազմակերպվել՝ այնտեղ շինարարություն իրականացնելու նպատակով: