Եթե Հայաստանում կա մի որևիցե  ցուցանիշ, որը համեմատաբար կայուն բարձր է մնում երկար տարիների ընթացքում, ապա դա ավտոմեքենաների սպառմանն առնչվող թվերն են. դրանք տարիներ շարունակ մնում են կայուն բարձր՝ 20-40. 000-ի սահմաններում: Ու որքան էլ տնտեսությունն անկում է ապրում կամ ցուցանիշներն են տարեցտարի ընկնում, մեքենաների սպառումը մեզանում այդպես էլ չի նվազում: Այս իրապես պարադոքսալ իրավիճակը թեպետ կարող է թվալ մի փոքր անտրամաբանական, սակայն ոլորտում ստեղծված վիճակը մի փոքր մոտիկից ուսումնասիրելու պարագայում դժվար չի լինի նկատել, թե իրականում ինչի արդյունք է  սա. Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունն իրենց դարն ապրած են համարվում՝ էկոլոգիայի համար դրանից բխող բոլոր վատ հետևանքներով հանդերձ (հարցը  վաղուց է գտնվում բնապահպանների ուշադրության կենտրոնում): Նկատենք, որ խնդիրն այս՝ հեշտ կարգավորվողներից չէ, ու, ասենք՝ օգտագործված մեքենաների ներկրման պարզ արգելք սահմանելով՝ հարցը չես կարգավորի. արհեստական խոչընդոտների սահմանումը կարող է նույնիսկ բացասական տնտեսական հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով նաև ասենք նույն բենզինի կամ գազի սպառման հարցը (եթե օրենք ընդունեն, որ, ասենք, 10 տարուց հին մեքենաներ հանրապետություն ներկրելն արգելվում է, ապա կարճ ժամանակ հետո կարող ենք ականատես դառնալ որոշ հանրահայտ օլիգարխների սննկացմանը):

Հարց՝ ո՞րն է խնդիրը: Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է ու կարող է կարգավորվել միայն համալիր ջանքերի ու բարեփոխումների արդյունքում. երկրի համընդհանուր սոցիալական վիճակը պետք է բարելավվի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց թույլ տալ 1000-1500 դոլարանոց ջարդոն գնելու փոխարեն 5000-7000 դոլարանոց մեքենաներ գնել: Ի դեպ՝ նկատենք, որ ասենք նույն հասարակական տրանսպորտը ևս ամենևին էլ կատարյալ վիճակում չէ, ու այս հանգամանքը ևս շատ կոնկրետ բացասական գործոն է վերոհիշյալ հարցում: Արդյունքում՝ անելանելի իրավիճակ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ