«Էներգետիկայի ազատականացումը տնտեսության մեջ պայմանավորված է տվյալ երկրի զարգացման աստիճանից, բայց համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ազատականացման պարագայում էներգետիկ համակարգի արդյունավետությունն ավելի բարձր է լինում, քան կենտրոնացվածության պարագայում: Սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ լիարժեքորեն գնահատելը դժվար է: Հայաստանի էներգետիկ բալանսում բավականաչափ մեծ տեսակարար կշիռ ունի ռուսական գործոնը։ Այս պարագայում, ուզում ենք, թե ոչ, ուղղակի, թե անուղղակի դառնում է կենտրոնացվածության բարձր աստիճան, հետևաբար ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում, որն ուղղակիորեն պայմանավորված է սեփականատերերի կենտրոնացվածության գործոնով»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա կարծիքով՝ ազատականացման պայմաններում գնային մակարդակները հասնում են համեմատաբար ավելի ճիշտ վիճակի. «ՀՀ-ում էներգետիկ ազատականացումը մի կողմից լավ է, մյուս կողմից` կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, որոնց պարագայում այն ընդգծված բնույթ չի ստանում։ Երբ զանազան ընկերություններ հայտնվում են միևնույն ապրանքատեսակի շուկայում սուբյեկտիվ նկրտումները նահանջում են հետին պլան և ինքնըստինքյան կայություն է լինում»,- ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով, եթե ազատականացումը ճիշտ և հիմնավորված լինի, նշանակում է կլինի էլէներգիայի սակագնի իջեցում. «Ճիշտ է` ոլորտը կոչվում է բնական մենաշնորհի ոլորտ, բայց ազատականացման պարագայում հնարավոր չէ, որ սակագնային առումով գտնվենք այն իրավիճակում, ինչ իրավիճակում գտնվում ենք։ Փաստորեն, միևնույն սեփականատերը գտնվելով այս ամբողջ համակարգի հետևում, մոնոպոլ գներ է սահմանում, որի հետևանքով Հայաստանում ունենք սակագնային բարձր մակարդակ»,- նշեց նա:

Արդյոք ազատականացումը ձևական բնույթ չի՞ կրում և, այնուամենայնիվ, ՀԷՑ-ն իր մոնոպոլ դիրքը միևնույն է կպահի, հարցին ի պատասխան Բոստանջյանն ասաց.

«Մոնոպոլ շահեր հետապնդողները հեշտությամբ չեն զիջում իրենց տեղը: Բայց կան նաև այլ սուբյեկտներ, որոնց շահերը կարող են վտանգվել մոնոպոլ նկրտումների պայմաններում: Այստեղ առաջ է գալիս հավասարակշռության ապահովման խնդիր և նման իրավիճակներում մոնոպոլիստները կարող են այդ իրավիճակը պահել մինչև ինչ-որ պահ, որից հետո նրանք ի վիճակի չեն մոնոպոլ ցանկություններն ու նպատակները պահպանելու»:

Սոնա Հարությունյան