Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ստիպվա՛ծ են մեկնել Վրաստան, պարտքով, վարկով, տոկոսով փող վերցրել, որ կարողանան լուծել սրտի վիրահատության հարցը և ողջ մնալ, քանի որ ՀՀ բյուջեում գումար չկա սեփական քաղաքացիների կյանքը փրկելու համար, բայց արի ու տես, որ հարևան Վրաստանի բյուջեում այնքան գումար կա, որ հնարավոր է դրանք տրամադրել նաև Հայաստանի քաղաքացիներին։
 
Պետությունը սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման խնդիրը լուծում է կոչերի և մասնավոր բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպելու միջոցով։ Ոչ թե օրենսդրական փոփոխությունների, ոչ թե հարկային արտոնությունների, ոչ թե բժշկությանն ուղղված գումարների ավելացմամբ կամ արդյունավետ օգտագործմամբ, այլ՝ կոչերով։ Մարզերում կաղում է բժիշկների մասնագիտական որակը, ու հիվանդը համապատասխան բուժսպասարկում չի ստանում, գալիս է Երեւան. Երևանում էլ վիճակը նույնն է, պարզապես այստեղից մեկնում են հարևան Վրաստան կամ արտերկիր: Դատելով բժշկական կրթության ոլորտում տիրող վիճակից, վաղվա օրը նույնպես առանձնապես մեծ հույսեր չի ներշնչոմ: Բժշկական համալսարանում բավականին բարձր են սահմանված ուսման վարձավճարները՝ 800 հազար դրամ: Այսինքն, բժիշկ են դառնում բոլոր նրանք, ովքեր ունեն բավականաչափ գումար՝ ԲՈւՀ-ն ավարտելու համար, եւ ամենեւին պարտադիր չէ լինել տաղանդավոր կամ ունենալ գիտելիքներ. բավարար է միայն հավաքել 8+8 բալ + տարեկան 800 հազար դրամ գումար եւ հերթական հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի դռները բաց են կիսագրագետ բժշկի համար: Հայտնի է, որ ներքին պայմանավորվածություն կա բուհերում’ վճարովի ուսանողներին դուրս չթողնել, մի 8 բալ նշանակել եւ «ավարտացնել»: Եվ եթե հասարակությունն այսօրվա բժիշկներին չի վստահում, վաղն ինչպե՞ս է վստահելու «8 բալանոց» բժիշկներին:
 
Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի: Ներկայում գործող ՀՀ բնակչության բուժօգնության մասին օրենքը, իր անորոշ ձևակերպումներով, արդյունավետ չի կանոնակարգում բուժօգնության համակարգը, չի արտահայտում ո՛չ բուժօգնությունն իրականացնողի, ո՛չ էլ բուժօգնություն ստացողի, հետևաբար՝ ոչ էլ պետության շահերը: Առողջությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, այն համամարդկային արժեք է բոլորի համար: Առողջապահությունը բիզնեսի մոդելով զարգանալ չի կարող, առավելեւս, որ այստեղ անընդունելի է մենատիրությունը: Անխոս, զարգացումն առանց մասնավոր բժշկության՝ հնարավոր չէ, հատկապես, որ պետությունը բավարար միջոցներ չունի, սակայն պետք է մրցակցային հավասար պայմաններ ապահովել, իսկ պետպատվերն էլ չպետք է օգտագործվի որպես «մերձավորներին» լրացուցիչ հնարավորության տրամադրման միջոց:
 
Ստելլա Խաչատրյան