Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հրապարակմանը կից տեսագրության մեջ երևում է առնվազն 2 միավոր Սու-25 գրոհիչ:
 
Նշվում է, որ գրոհիչները արդիականացված են և կարող են կրել ընդհանուր առմամբ 32 տեսակի սպառազինություն, այդ թվում նաև՝ «օդ-մակերևույթ» տիպի չկառավարվող և «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներ:
 
Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվ զորավարժություններ է անում Նախիջևանում, սակայն այլ զորատեսակների ներգրավմամբ: Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել:
Այս տարվա ապրիլին Նախիջևանում անցկացվել են «զորքերի մարտունակության ստուգման» հրամանատարաշտաբային վարժանքներ, որոնց ներգրավվել էին Նախիջևանի առանձին համազորային բանակի , ինչպես նաև առողջապահության նախարարության և զորակոչի պետական ծառայության անձնակազմեր:
 
Հունիսին Նախիջևանում կայացել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որին ներգրավվել էր շուրջ 5000 զինծառայող և 250-ից ավելի զինտեխնիկա, այդ թվում ՝ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, որոնցից Նախիջևանում, մոտավոր տվյալներով, առկա են չորսական միավոր:
 
Հունիսի վերջում Նախիջևանում անցկացվել էր նաև հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություն:
 
Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները Նախիջևանում

Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները Նախիջևանում