Հայաստանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները օգոստոսի 24-ին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ` ստանալու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ արարողությունը Ամենայն հայոց հայրապետն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին: 

ՀՀ պաշտպանության նախարարը Նորին սրբությանը ներկայացրել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարևորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Վիգեն Սարգսյանը Վեհափառ հայրապետին տեղեկացրել է նաև զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի մասին: 

Ողջունելով նոր ձեռնարկները, Գարեգին Բ կաթողիկոսն իր հերթին ընդգծել է, որ այսօր ազգի ուշադրության առանցքում պիտի լինեն Հայրենիքի պաշտպան հայ զինվորն ու սպան: 

Հանդիպման ավարտին Մայր Տաճարում կատարվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների օրհնության արարողությունը: Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է բերել նորընծա սպաներին:

Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 24-ի երեկոյան ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ դիտելու «Գայանե» բալետը: