Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության մասին մեկնաբանություն է տվել:

Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։

Պատասխան․ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։

Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։

2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։

Այսօր, նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը»։