Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայրասպանության մեջ մեղադրվող Արմեն Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը, և դատապարտել 13 տարվա ազատազրկման: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանից:

Դատարանն այսպիսով մեղավոր է ճանաչել Արմեն Առաքելյանին առաջադրված մեղադրանքում, ըստ որի իր հորը սպանելու դիտավորությամբ Արմեն Առաքելյանը երկու չափաբաժին «Կետոնալ» տեսակի դեղամիջոցի ներարկման, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան, այդ կերպ ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:

Նշենք, որ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Իսկ նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր իր պաշտպանյալին արդարացնել ու անմեղ ճանաչել՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Ըստ պաշտպանի՝ գործում չկա մեղադրանքը հիմնավորող ապացույցների բավարար ամբողջություն՝ մի շարք ապացույցներ՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում կատարված տեսաձայնագրությունը, ամբաստանյալի նախաքննական նախնական ցուցմունքներն ու բացատրությունը ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

 

Աղբյուր` Փաստինֆո