Ապրիլյան համապետական ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ մինչև 2022 թվականը վարչապետի պաշտոնը ՀՀԿ-ի մենաշնորհն է լինելու :Այսօր առավել ինտրիգային հարցն այն է, թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018 թվականին, այսինքն` փաստացիորեն ով կղեկավարի մեր հանրապետությունը: Հանրապետական կուսակցության երկու հիմնական թեկնածուները ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն են: Իհարկե, բացառված չէ քաղաքական բավարար ներուժ չունեցող, տեխնոկրատ վարչապետի ներդրումը, սակայն վերջինս այսպես թե այնպես՝ կախված կլինի վերը նշված գործիչներից որևէ մեկից:
 
Ինչպես հայտնի է, նոր կառավարման մոդելն ու ընտրակարգը սահմանում են «կայուն մեծամասնության» գաղափարը, որն ապահովելու համար ստեղծվում է նույնիսկ խորհրդարանական ընտրության երկրորդ փուլի հնարավորություն: Մենք տեսնում ենք 2017 թվականի ընտրության առանձնահատկություններից մեկը. թերևս առաջին անգամ, իշխող համակարգը ակնհայտ, ճնշող գերակայություն ունի ընդդիմության նկատմամբ: Դրա պատճառներն ակնհայտ են. ընդդիմությունը սպառեց իրեն դեռևս սաղմնավորման փուլում և այսօր օրակարգային անհրաժեշտություն է նոր ընդդիմադիր դաշտի, նոր մոտեցումների առաջ քաշելը: Ընդդիմության բացակայության պայմաններում իշխանությունների համար այսօր բավարար է ապահովել խորհրդարանական աշխատանքի կայունությունը մինչև 2018 թվականը, մինչև իրական մեծամասնության բացահայտման պահը, որից հետո արդեն իրավիճակը քաղաքական առումով կլինի այլևս բոլորովին նոր, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնության տեսանկյունից: Դրանից հետո, մինչև խորհրդարանի հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածը, Հայաստանի ներքաղաքական գործընթացը՝ առնվազն ներիշխանական մասով, կընթանա արդեն այդ բացահայտված մեծամասնության մեկ միավորի շրջանակում, բյուրեղացման տրամաբանությամբ՝ 2022-ի խորհրդարանի համար:
 
2018-ը նոր իշխանության ձևավորման գործընթացի մեկնարկն է, որը տրամաբանական վերջաբանին կհասնի 2022-ի խորհրդարանական ընտրություններում: Սերժ Սարգսյանի հաշվարկներն ավելի շատ կառուցվում են հենց 2022-ի, ոչ թե 2018-ի վրա: Ոմանք, ոչ առանց հիմքի, ենթադրում են, որ Սերժ Սարգսյանը ձևավորելու է համակարգ` նախատեսված մինչև 2040թ.-ի համար (պարտադիր չէ, որ գործող նախագահն անձամբ իշխանության մեջ մնա մինչև 2040-ը): Համակարգը ոչ միայն ու ոչ այնքան ֆորմալ իշխանությունն է, որքան դրա հիմքը կազմող քրեաօլիգարխիկ համակարգը, որի կայունության կարևոր դրսևորումներից մեկը քաղաքական ֆասադն է` կուսակցական համակարգով: Պայքարը իշխանության մեջ ոչ թե վարչապետի պաշտոնի համար է, այլ 2022 թվականի խորհրդարանական մեծամասնության: Իզուր չէ, որ ամեն պատեհ և անպատեհ առիթ ՀՀԿ-ում օգտագործում են՝ վերահաստատելու համար, որ իրենք վստահության մանդատը ստացել են մինչև 2022 թվականը:
 
Ստելլա Խաչատրյան