Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի մի քանի տների բնակիչներ խնդրի առաջ են կանգնել, բանն այն է, որ դեռևս տարիներ առաջ՝ բնակիչները կոլեկտիվ վարկ են վերցրել «ՍԵՖ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինթերնեյշնլն է` «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:

Մեզ հետ զրույցում, այսպես ասած, ՍԵՖ-ից քաշված քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մի շարք համագյուղացիներ գրավադրել են իրենց տները, այնուհետև չեն կարողացել մարել վարկը, ինչի հետևանքով այսօր կանգնել են տանիքը կորցնելու խնդրի առաջ: Ցավով նկատում են, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի էլ փորձում ընդառաջել, թեպետ կազմակերպության տեսլականի մեջ ամպագոռգոռ մի քառատող է նշված. 

Երազանքը մեր`
Լիարժեք կյանքն է մեր մանուկների:
Աղոթքը մեր`
Ամենքի կամքն է, որ այդպես լինի:

Քաղաքացին զարմանում է՝ ո՞ւր է իրենց որդեգրած մարդասիրական առաքելությունը:

Նշենք, որ դատարանը բավարարել է «Սեֆ Ինտերնեյշնլ Ունիվֆերսալ Կազմակերպություն» ՍՊԸ-ի հայցը, ըստ որի՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ջանֆիդա 23 փողոց թիվ 20, թիվ 16 և 6 փողոց թիվ 7 բնակելի տներից վտարել նշված բնակելի տները զբաղեցնող անձանց: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ջանֆիդա 23 փողոցի թից 16 տան բնակիչ Յուրիկ Հարությունյանը նշեց, որ հարյուրավոր անձինք վարկ են վերցրել այդ կազմակերպությունից, որի դիմաց գրավ են դրել 22 տուն, դրանցից մեկն էլ իրենն է. «Ես իմ պարտավորությունները ժամանակին կատարել եմ, բայց այսօր զրկվում եմ իմ տնից: Իմ մեղքն ինչո՞ւմն է: 5 անչափահաս երեխա ունեմ, ո՞ւր գնամ: Ինձ ասում են՝ 4 մլն դրամ վճարի՝ տունդ հետ վերցրու, բայց ես որտեղի՞ց տամ:

Պարտքի ընդհանուր գումարը թող բաժանեն բոլոր անձանց մեջ, ես էլ եմ պատրաստ վճարելու: Դրան էլ համաձայն եմ միայն նրա համար, որ տնից չզրկվեմ: Պարտք մնացողները գնացել, խնդրել են, որ ծրագիր կազմեն, իրենք տանեն գումարը վճարեն, բայց չեն համաձայնվել»,- իր մտահոգությունը հայտնեց Հարությունյանը՝ նշելով, որ եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի թողնել ամեն ինչ ու հեռնալ երկրից:

Այս վիճակում հայտնված քաղաքացիներից Վահան Հարությունյանն էլ դիմել էր դատարան՝ ԴԱՀԿ-ի կողմից վտարման գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով, սակայն դատարանը հայցը մերժել է:

Մենք կապ հաստատեցինք նաև «ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպության կենտրոնական գրասենյակի աշխատակցի հետ, ով թեև հաստատեց, որ իրենք գյուղատնտեսական վարկեր տրամադրել են Ջանֆիդա համայնքի բնակիչներին, սակայն այլ մանրամասներ հաղորդելուց հրաժարվեց՝ դրանք որակելով բանկային գաղտնիք:

Պարզաբանումներ ստանալու համար մի ամբողջ օր փորեցինք կապ հաստատել նաև կազմակերպության Արմավիրի մարզում գործող մասնաճյուղի աշխատակիցների հետ, ինչն այդպես էլ մեզ չհաջողվեց:

Փաստորեն, վարկային կազմակերպությունը դեպքը որակում է բանկային գաղտնիք՝ այն դեպքում, երբ գործը դատարանում քննվել է դռնբաց:

Մեզ հետ Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանն էլ, չմանրամասնելով դեպքը, ընդհանրական դիրքորոշում հայտնեց, թե իր ղեկավարած գյուղում այսօր գյուղացիների 90 %-ը վարկային պարտավորություն ունի:

«Գյուղացիները չեն կարողանում վճարումներ անել, որովհետև ոռոգման ջուր չկա, մարդիկ չեն կարողանում իրենց բերք ու բարիքը ջրել, որ տանեն շուկա կամ արտահանեն, որ վարկերը կարողանան փակել»,- կարծիք հայտնեց համայնքապետը:  

Հ.Գ. Փաստորեն, վարկատու  կազմակերպությունը, որն իրեն հռչակել է գյուղացիներին բարեգործական վարկեր տրամադրող, այժմ նրանց կանգնեցրել է անտուն մնալու վտանգի առաջ. մեծ թվով գյուղացիներ կարող են զրկվել իրենց տներից, իսկ կազմակերպությունն այդպես էլ չի ուզում զիջումների գնալ:

Սոնա Հարությունյան