ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Գեղարքունիքի մարզ: Վարչապետի՝ դեպի մարզեր կատարած նախորդ այցերը նույնպես փակ ձեւաչափով են եղել։ Ստացվում է՝ վարչապետը խուսափում է ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ սպոնտան հանդիպումներից, որպեսզի «շոուից շեղման» անհարմար իրավիճակներ չարձանագրվեն: Իսկ պետական քարոզչամեքենան ցուցադրի այն կադրերը, որոնք կթույլատրվեն Կառավարության ղեկավարի կողմից:
 
Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ժողովրդականություն վայելող վարչապետը վերջին շրջանում ակնհայտորեն խուսափում է հանրության հետ առերեսվել: Պատճառները ակնհայտ են՝ նախընտրական շոուների ժամանակ խոստումնախաբ եղած ժողովուրդը այժմ բազմաթիվ հարցեր ունի հղելու Կարեն Կարապետյանին, մինչդեռ վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չգտավ հանրությանը հուզող հարցերի պատասխանները:
 
Իհարկե, հեշտ է շոուների սցենարից չշեղվելով, փակ հանդիպումների ժամանակ անվերջ խոսել փոփոխությունների կարևորության մասին:
 
Ով ասես իրավունք ունի խոսել փոփոխությունների մասին, բայց ոչ երբեք այն կուսակցությունը, որը 18 տարի ղեկավարել է երկիր ՝ մեղմ ասած կասկածելի ձեռքբերումներ արձանագրելով:
 
Վարչապետը ընդամենը մեկ անձ է, և որևէ վարչապետ չի կարող գործել, եթե չունի իր քաղաքական հենարանը: Կարեն Կարապետյանի քաղաքական հենարանը դա այն մեծամասնությունն է, որ մենք ունենք խորհրդարանում այսօր և Սերժ Սարգսյանը: Եթե այդ ամենն անփոփոխ է, ի՞նչ կարող է անել վարչապետը, բացի շոուներից Կառավարության նիստերի և մարզպետարաններում փակ հանդիպումների ընթացքում:
 
Այդ հենարանը 18 տարի կառավարել է երկրում, և որևէ հիմք կարծելու, որ այդ հենարանը փոխակերպվել է, չունենք:
 
 
Ստելլա Խաչատրյան